Նախագահի թեկնածու, ԱԻՆ նախագահ Պարույր Հայրիկյանը չի ցանկանում, որ հանցավոր դրսեւորման թելադրանքով որեւէ քայլ արվի: Այս մասին, այսօր` փետրվարի 5-ին, հիվանդասենյակից դուրս գալով մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց նա, հավելելով, որ գնում է ներկա գտնվելու իր ներկայացուցիչների հրավիրած ասուլիսին:
«Եթե հասցրեցի, կարող է պարզապես ներկա գտնվեմ ասելու համար, որ ես կամ եւ ովքեր որ շատ ուրախացել էին, որ ես չկամ, շատ չուրախանան»,- ավելացրեց Պարույր Հայրիկյանը:
«Ես չեմ ցանկանում, որ հանցավոր դրսեւորման թելադրանքով որեւէ քայլ արվի: Ես հասկանում եմ, որ սա մահափորձ էր: Իսկ ովքեր ասում են, որ սա մահափորձ չէր, ես մաղթում եմ, որ իրենք երբեք այդպիսի ոչ մահափորձի չառնչվեն»,- ասաց նախագահի թեկնածուն, ընդգծելով, որ սա հետապնդում էր Հայրիկյանին վերացնելու նպատակ, որով ԿԳԲ-ն զբաղվել է քսան տարուց ավելի:
Իսկ նրանք, ովքեր ասում են, թե ԿԳԲ-ն չկա, ըստ Հայրիկյանի, իրենց նման միամիտ անմակարդակների համար ԿԳԲ-ն չկա: «Քանի որ սա զուգահեռաբար հետապնդում էր նաեւ քաղաքական նպատակ, ես կարողացա ինքս ինձ պաշտպանելով կանխել քաղաքական նպատակը: Ինչ վերաբերում է հայտարարությանը, ես ասել եմ, որ մենք ահաբեկչությանը ընդառաջ չպետք է գնանք, որովհետեւ ես դեմ եմ հետաձգելուն: Բայց հաշվի եմ առնում, որ կա քրեական գործ, որի արդյունքները եւս կարեւոր են, բացի այդ կան այլ թեկնածուներ, ովքեր մասնակցում են այս ընտրությանը եւ ամեն մեկն ունի իր տեսակետը: Օրինակ, Բագրատյանն ասում էր, որ ինքն պետք է դիմի ՍԴ: Թող ինքն էլ դիմի: Այս փուլում մենք չենք դիմել»:
«Ինձ չի հետաքրքրում, որ ասում են, թե Հայրիկյանն առեւտուր է անում: Այս պահին մենք չենք դիմել: Այսինքն` ընտրությունները մեր մասով չեն հետաձգվում»,- ավելացրեց Պարույր Հայրիկյանը:
Նշենք, որ արդեն Հայրիկյանի փաստաբանը հայտարարել է, որ Պարույր Հայրիկյանը ՍԴ չի դիմելու ընտրությունները հետաձգելու խնդրով:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











