Կորժիկը  վերադարձրել է Հանովերում Bahlsen  հրուշակեղենի ընկերության գլխավոր գրասեյակի կենտրոնակայանից առեւանգված խորհրդանիշը՝ ոսկե թխվածքաբլիթը:

The Local-ը հայտնում է, որ կարմիր երիզով  պատված ոսկե թխվածքաբլիթը հայտնվել էր Հանովերի համալսարանի մուտքի մոտ գտնվող ձիու քանդակի պարանոցին: Ոստիկանությունում պարզում են` արդյոք դա  Bahlsen ընկերության կորած խորհրդանիշն է:

Փետրվարի 5-ին հաղորդվել էր, որ առեւանգիչը հրուշակեղենի ընկերությանը նամակ էր ուղարկել:

«Վերնին (Վերներ Միխայել Բալսեն` ընկերության ղեկավար) ինձանից պակաս չի սիրում այդ թխվածքաբլիթը, եւ այժմ անընդհատ լալիս է, այդ պատճառով էլ ես կվերադարձնեմ այն» - գրել էր Կորժիկն իր երկրորդ նամակում, հաղորդում է  gazeta.ru-ն:

Հիշեցնենք, որ օրերս Հանովերում գողացել էին Bahlsen ընկերության խորհրդանիշ ոսկե թխվածքաբլիթը, որն արդեն հարյուր տարուց ավելի կախված էր ընկերության կենտրոնական շենքի մոտ: Hannoversche Allgemeine Zeitung թերթի խմբագրությունը, ինչպես նաեւ Bahlsen  ընկերության աշխատակիցները նամակ էին ստացել ենթադրյալ առեւանգիչից, ով «Սեզամի փողոցը» մանկական հաղորդման հերոսներից մեկի` «Թխվածքահրեշի» (Cookie Monster) հագուստով էր եղել:

Վերջինս պահանջում էր թխվածք ուղարկել Հանովերի մանկական հիվանդանոց, իսկ խորհրդանիշը վերադարձնողին խոստացած հազար եվրո պարգեւավճարը փոխանցել կենդանիների կացարանին:

Նամակում ասվել էր, որ եթե Թխվածքահրեշի պահանջը չկատարվի, ոսկեզօծ խորհրդանիշը կտան աղբարկղում ապրող կանաչ հրեշ «Օսկար»-ին:

Bahlsen-ի ղեկավարը պատասխան նամակում խոստացել է 52 հազար տուփ թխվածք ուղարկել մի քանի կազմակերպության, եթե խորհրդանիշը հնարավորինս շուտ վերադարձվի: