Ելնելով Գյումրիում անօթեւանության եւ աղքատության առկա ծավալներից, առանց վարանելու կարելի է ասել, որ դրանք համատարած բնույթ են կրում եւ կարծես «ոչ սկիզբ ունեն, ոչ վերջ»: Հատկապես ձմռան ամիսներին տնակներում ապրող եւ առհասարակ` գործազկության ու աղքատության ճիրաններում հայտնված ընտանիքների վիճակն առավել է վատթարանում, քանզի նրանց բազում հոգսերին ավելանում է նաեւ տնակներն ու բնակարանները տաքացնելու անլուծելի թվացող խնդիրը:
«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները տնակային ավաններ եւ սոցիալապես անապահով ընտանիքներ այցելությունների ընթացքում հաճախակի են հանդիպում թերսնվածության եւ ցրտի պաատճառով հիվանդացած մարդկանց ու մանկահասակ երեխաների: Անցած օրը, նրանք ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի եւ ավստրալահայ Արամ Միքայելյանի կողմից տրամադրված հագուստն ու վառելափայտը բաժանելու ու տեսանյութ պարաստելու նպատակով այցելել են Գյումրիի նորակառույց «Անի» թաղամասում իր աղջկա եւ թոռնիկի հետ սոցիալական ծանր պայմաններում բնակվող Լաուրա Ասեյանի ընտանիքին: Նման պայմաններում բնակվող բազմաթիվ գյումրեցիների նման նրանք եւս որպես ձմռան վառելիք օգտագործում էին դատարկ ակղերն ու պլաստմասե շշերը: Այս ընտանիքի գոյատեւման միակ միջոցը երեխայի սոցիալական նպաստն է:
Ասիկյանների ընտանիքի ապրելակերպի մասին առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» տեսանյութում:











