Շատ կարճ ժամանակում ՀՀՇ-ն պաշտոնական դիրքորոշում կհայտնի ՀԱԿ-ի լուծարվելու եւ մեկ կուսակցություն դառնալու մասին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 7-ին,  լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը՝  հավելելով, որ առանձին քննարկումներ եղել են, եւ ինքը կիսում է Լեւոն Տեր-Պետրոսյանի կարծիքը, իրենք ունեն նման մոտեցումներ:

Հարցին, թե ՀՀՇ-ն կլուծարվի՞, նա պատասխանեց՝ «Ոչ, ամենեւին: ՀԱԿ-ի կուսակցություն դառնալու փաստը ամենեւին չի պարտադրում, որ ՀՀՇ-ն լուծարվի: Եթե կարդաք «Կուսակցությունների մասին» օրենքը, կտեսնեք, որ կան շատ այլ հնարավորություններ»,- ասաց նա:

Արամ Մանուկյանին «հետապնդելիս»  միջանցքում տեսանք նաեւ  Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, ումից հետաքրրքվեցինք, թե լուծարումից բացի՝ ինչ հնարավորություններ կան: Այս առնչությամբ նախարարը նշեց, որ կան վերակազմավորման եւ միաձուլման մեթոդները, այսինքն՝ կուսակցությունը վերակազմավորվում է եւ մտնում մեկ այլ կուսակցության մեջ: Արամ Մանուկյանը եւս նշեց, որ ըստ օրենքի՝ կուսակցությունը կարող է վերակազմակերպվել, վերամիավորվել: Թե որ տարբերակը կընտրի ՀՀՇ-ն` դեռեւս քննարկված չէ:

Նոր ստեղծվելիք կուսակցության ղեկավարի պաշտոնին Արամ Մանուկյանը կառաջարկի Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, բայց թե ով է այն ղեկավարելու, չի կարող ասել, քանի որ դեռ կուսակցությունը չկա:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես կվարվեն ՀԱԿ անդամ մյուս կուսակցությունները, Մանուկյանը նշեց, որ չի տիրապետում այդ տեղեկատվությանը, յուրաքանչյուր կուսակցություն ինքն է որոշում իր անելիքը:

ՀՀՇ ղեկավարի խոսքովՀԱԿ-ի կուսակցություն դառնալն արձագանք է հետընտրական նոր իրավիճակին: «Նոր իրավիճակում պետք է լինեն նոր մոտեցումներ, նոր ասելիք եւ կարծում եմ, նաեւ ճիշտ է նոր ֆորմատը: Դա ադեկվատ կլինի այն իրավիճակին, որը հիմա կա:  Այն, ինչ արվում է, ճիշտ  արձագանքն է այսօրվա իրավիճակին:  Ես քայլը գնահատում եմ շատ ճիշտ, դա ինձ համար նորություն չէ, ընտրություններից հետո ընդդիմությունը, կարծում եմ, նոր ասելիքով, նոր ֆորմատով պետք է հանդես գա»,- ասաց Արամ Մանուկյանը:

«ՀՀՇ-ն անելիքների առումով կողմ է այս քայլին, բայց պաշտոնական դիրքրոշում չունենք, առաջիկա օրերին կկազմակերպենք վարչության նիստ եւ կունենան արձագանքը: Ես համարում եմ այն ադեկվատ ստեղծված  իրավիճակին»,- ասաց ՀՀՇ վարչության նախագահը:

Նշենք, որ ՀԱԿ առաջնորդ, Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը  հարցազրույց է տվել «Չորրորդ ինքնիշխանություն» թերթին եւ ասել, որ  Կոնգրեսն այլեւս չի կարող պահպանվել նույն կազմով ու կառուցվածքով, ինչպիսին հանդես է եկել նախորդ հինգ տարիների ընթացքում: «Նկատի ունենալով առաջիկա տարիներին քաղաքական զարգացումների միտումները, կարծում եմ, արդեն ժամանակն է, որպեսզի Կոնգրեսը քաղաքական զանազան ուժերի ու անկուսակցականների ազատ դաշինքից վերածվի մեկ միասնական կուսակցության: Ուզում եմ նաեւ տեղեկացնել, որ Կոնգրեսին հավատարիմ մնացած ուժերի շրջանակում այդ գաղափարի իրականացման շուրջ քննարկումներ արդեն իսկ ընթանում են»,- ասել է նա:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am