Ժամանակը ցույց կտա, թե ինչ կտա քաղաքական դաշտին եւ ժողովրդավարությանը ՀԱԿ-ի՝ շարժումից կուսակցություն դառնալը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Ես կոռեկտ չեմ համարում ասել, որ դա ուշացած որոշում է, որ այն ոչինչ չի տա:  Փաստն այն է, որ այսօր ՀԱԿ-ը չունի այն ազդեցությունը, որն ունեցել է տարիներ շարունակ, եւ այդ մասին խոսում է նաեւ առաջին նախագահը: Լեւոն Տեր-Պետրոսյանն ինքն է ընդունում, որ ՀԱԿ-ն այսօր առաջադեմ ուժ չէ, նրանք փորձում են փրկել ՀԱԿ-ը՝ կուսակցություն դարձնելով»,- ասաց նա:

Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ՀԱԿ շարժում այլեւս չկար, այն վերածվել է առաջին նախագահի եւ ՀԱԿ համակարգողի կողմնակիցների խմբակի, որն ուզում են դարձնել կուսակցություն:

Նա բոլոր քաղաքական գործիչներին եւ ուժերին հաջողություն մաղթեց քաղաքական պայքարում, եւ շեշտեց, որ խանդի մասին խոսք լինել չի կարող:  «Ես շահագրգռված եմ, որ քաղաքական պայքարը մղվի ոչ թե քաղաքական մերժողականության, այլ գաղափարների պայքարի շրջանակներում:

ՀԱԿ կուսակցության հիմնական բրենդը պետք է լինի առաջին նախագահը, եւ այդ առումով չեմ կարծում, որ կուսակցություն դառնալը շատ բան կտա»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

Անդրադառնալով Արամ Մանուկյանի հայտարարությանը, թե ՀԱԿ կուսակցություն դառնալու դեպքում պարտադիր չէ, որ ՀՀՇ-ն լուծարվի, նա նշեց. «Գուցե իրենք այնքան են խճճվել, որ նոր մոդել են առաջարկում: Համենայնդեպս ինձ նման մոդել հայտնի չէ, որ լինի կուսակցություն կուսակցության մեջ»:

Նշենք, որ ՀԱԿ առաջնորդ, Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը  հարցազրույց է տվել «Չորրորդ ինքնիշխանություն» թերթին եւ ասել, որ  Կոնգրեսն այլեւս չի կարող պահպանվել նույն կազմով ու կառուցվածքով, ինչպիսին հանդես է եկել նախորդ հինգ տարիների ընթացքում: «Նկատի ունենալով առաջիկա տարիներին քաղաքական զարգացումների միտումները, կարծում եմ, արդեն ժամանակն է, որպեսզի Կոնգրեսը քաղաքական զանազան ուժերի ու անկուսակցականների ազատ դաշինքից վերածվի մեկ միասնական կուսակցության: Ուզում եմ նաեւ տեղեկացնել, որ Կոնգրեսին հավատարիմ մնացած ուժերի շրջանակում այդ գաղափարի իրականացման շուրջ քննարկումներ արդեն իսկ ընթանում են»,- ասել է նա: