Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն, այսօր` փետրվարի 8-ին, այցելել է նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին. նրանք պայմանավորվել են, որ մոտ օրերս համալիր բուզննում կիրականացվի Անդրիաս Ղուկասյանին առողջական վիճակին գնահատական տալու համար (ֆոտոռեպորտաժ): Այս մասին, լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: Նրա խոսքով` խնդիրն այն է, որ սկսած 20-րդ օրվանից նման դեպքերում օրգանիզմում կարող են տեղի ունենալ որոշակի լուրջ փոփոխություններ:

«Մենք պարտավոր ենք ուսումնասիրել առողջական վիճակը, գնահատական տալ եւ թեկնածուին տեղյակ պահել, թե հնարավոր բարդացումներ լինելու ժամանակ ինչ միջամտություններ կարող են լինել»,- ասաց Դերենիկ Դումանյանը եւ ավելացրեց, որ այս պայմաններում այդ հետազոտությունը իրականացնելն անհնար է:

Նրա փոխանցմամբ` կան հետազոտություններ, որոնք պահանջում են լրացուցիչ գործիքային եւ այլ տիպի քննություններ, որը պարտավոր են իրականացնել հիվանդանոցային պայմաններում: «Ես պարոն Ղուկասյանին խնդրեցի, որ նա առաջիկա 1-2 օրվա ընթացքում իրեն հարմար կլինիկայում, որտեղ ինքը հարմար գտնի, հետազոտություններ անցնի: Հետազոտություններին  կմասնակցեն Հանրապետության գլխավոր մասնագետները եւ գնահատական կտան նրա առողջական վիճակի մասին: Պարոն Ղուկասյանը մեզ խոստացավ, որ մինչեւ օրվա  վերջ մեզ կտեղեկացնի ժամը եւ այն կլինիկայի անունը, որտեղ ինքը կցանկանար հետազոտվել»,- ասաց Դերենիկ Դումանյանը, հավելելով, որ սա անհրաժեշտություն է` անդառնալի հետեւանքներից խուսափելու համար:

Իսկ բժշկական բրիգադը հերթապահելու է 24-ժամյա ռեժիմով, ինչպես, որ վերջին 3 օրն է հերթապահում: Նրա խոսքով` եթե Անդրիաս Ղուկասյանի կյանքին վտանգ սպառնա, իրենք կմտածեն նրան հոսպիտալազիցիայի մասին:

Նախարարը նշեց, որ Ղուկասյանի առողջական վիճակը համապատասխանում է 19 օրվա հացադուլ հայատարարած մարդու առողջական վիճակին: Հարցին, թե դեռ որքան կարող է շարունակել հացադուլն այս վիճակում նախարարը պատասխանեց. «Մենք բոլորս էլ կարծում եմ պետք է աշխատենք այնպես անել, որ պարոն Ղուկասյանը ընդհատի հացադուլը: Սա բոլոր գիտակից մարդկանց կոչը պետք է լինի, բայց քանի որ նա նաեւ քաղաքական գործիչ է եւ քաղաքական որոշում է  կայացրել, ապա ինքը պետք է մտածի այն դադարեցնել, թե` ոչ»:

Դիտարկմանը, թե արտաքանապես նա այնքան էլ վատ տեսք չունի, Դումանյանն արձագանքեց. «Տեսանելի մասը ընդամենը թվացյալ է եւ յուրաքանչյուր պահի կարող է ինքնազգացողության վատացում նկատվել»:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am