Հայաստանի ԿԸՀ-ի շենքի մոտից, այսօր` փետրվարի 8-ին, քաղաքացիական նախաձեռնության մի շարք ներկայացուցիչներ ստորագրություններով նամակ են հանձնել Հայաստանում ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանատներին, պահանջելով, որ Եվրոպական դիտորդները չմասնակցեն ընտրություններին:
Վերջիններս, ԿԸՀ-ի մոտից շղթա կազմած հասել են Եվրոպական դիտորդների առաքելության շենքը, հետո նախագահական նստավայրի մոտ, ապա միացել են Գիտությունների ազգային ակադեմիայի մոտ հացադուլ հայտարարած Անդրիաս Ղուկասյանին:
Ակցիայի մասնակիցներից ծրագրավորող Արթուր Ղազարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ իրենք պահանջում են, որ Եվրոպական դիտորդները չմասնակցեն այս ընտրություններին: «Դիտորդներն իրենց մասնակցությամբ վավերացնում եւ լեգիտիմացնում են ռեժիմը»,- ասել է Արթուր Ղազարյանը: Ակցիայի մասնակիցների պաստառներում ընդգրկված էին եւ բնապահպանական, եւ քաղաքացիական, եւ քրեաօլիգարխիկ, եւ սահմանադրական կարգի պահպանման կոչեր:











