Ոստիկանությունը բացահայտել է 4 տարի առաջ բնակարանային գողություններ կատարած մասնագիտացված խմբի: Ավելին` հունվարի 31-ին բռնվելուց հետո խմբի անդամները մինչ օրս դեռ հիշում են, թե էլ որտեղից` ինչ են տարել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է  ոստիկանության լրատվական ծառայությունից:

Խմբի անդամները Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասում 6 բնակարանային գողություն են կատարել: Տվյալ խմբից տուժած 29 շենքի 2-րդ հարկի բնակիչ, Էլլա տատիկը պատմելով 4 տարվա վաղեմության դեպքը, հիշում է, որ տուն վերադառնալով այն տակնուվրա եղած է հայտնաբերել: «Թոշակիս  35 հազար դրամն էին տարել, որը պայուսակումս էր եղել, իմ բջջային հեռախոսը եւ 1000 դոլար գումար: Իսկ բնակարան մուտք են գործել սենյակի պատուհանից: Դրանից հետո պատուհանին ճաղավանդակ ենք տեղադրել»,- պատմել է Էլա տատիկը: Նույն խումբը 2009թ-ի հոկտեմբերի 11-ին  4-րդ թաղամասի 29 շենքի 7-րդ բնակարանից է ոսկյա զարդեր, գումար եւ տեխնիկա գողացել: Ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները մարնրակրկիտ աշխատանքի արդյունքում քաղաքի գրեթե բոլոր վարչական շրջաններում գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 27-ամյա Կարեն Վարդանյանին, Հայկ Կոջոյանին եւ Ռաֆայել Հարոյանին: Կարեն Վարդանյանը մատնացույց է արել դեպքերի վայրերը: Հատկանշական է այն հանգամանքը, որ երբ գողություն կատարածը շենքի բակում պատմում է, թե ինչպես են մուտք գործել բնակարան, ոստիկանության աշխատակիցը հարցնում է , թե ինքը ինչո՞ւ է ներքեւում սպասել, ինչին ի պատասխան զարմացական հայացքով արձագանքում է.« Որ մարդ գա, տեղյակ պահեմ»:

Ի դեպ, հանցագործները վաղուց են միմյանց ճանաչել եւ նույնիսկ ծառայության ժամանակ բուժվել են նույն հոսպիտալում: