Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում 17-ամյա Գայանե Պ-ն դպրոցում դանակահարել է 18-ամյա Անուշավան Բ-ին, քանի որ վերջինս «ձեռք է գցել» աղջկան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Խաչիկի գյուղապետ Վարդան Ներսիսյանը: Հարցին, թե որտեղի՞ց Գայանեին դանակը, գյուղապետը պատասխանեց, որ աղջիկն այն դպրոցի բուֆետից է վերցրել: Նրա խոսքով` Անուշավանն ասել է, որ ինքը սիրահարված չէ Գայանեին: Ըստ գյուղապետի` երկուսն էլ նորմալ երեխաներ են. «Աղջիկը շատ ակտիվ է, գյուղի պարի խմբակում է ներգրավված ու միջոցառումներին ակտիվ մասնակցություն է  ցուցաբերում: Տղան էլ աշխուժ է, նա 12-րդ դասարանում է  սովորում, իսկ աղջիկը` 11: Երկուսի հայրերն էլ պայմանագրային զինծառայողներ են, իսկ մայրերը` տնային տնտեսուհիներ»,- նկարագրեց գյուղապետը եւ հավելեց, որ աղջիկն այժմ գյուղում է:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում, փետրվարի 20-ին, 17-ամյա Գայանե Պ-ն դպրոցում դանակահարել է 18-ամյա Անուշավան Բ-ին: Այս մասին NEWS.am-ը տեղեկացել էր ոստիկանության Եղեգնաձորի բաժնից: Կատարվում է  նախաքննություն:Խաչիկի գյուղապետ Վարդան Ներսիսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ Անուշավանին նախ ընկերները տեղափոխել են բուժկետ, ապա` Եղեգնաձորի հիվանդանոց: Վերջինս հարվածն ստացել է կրծքավանդակի շրջանում, սակայն բարեբախտաբար հարվածն ուժեղ չի եղել եւ Անուշավանի կյանքին վտանգ չի սպառնում: Իսկ Գայանեն ստորագրությամբ ազատ է արձակվել: