Մարտի 4-ին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում վթարի ենթարկված ինքնաթիռի օդաչուն ռուս է եղել:

Գոմայում գտնվող ռուսական դեսպանատան աշխատակցից Life News-ի թղթակցի ստացած նախնական տեղեկության համաձայն` ավիավթարում զոհվածների շարքում եղել են Ռուսաստանի երկու քաղաքացիներ, որոնցից մեկն էլ` վթարի ենթարկված ինքնաթիռի օդաչուն: 
Հիշեցնենք, որ մասնավոր ավիաընկերության ինքնաթիռը վթարի էր ենթարկվել ԿԴՀ-ի արեւելքում` Գոմա քաղաքում: Փրկվել էր չորս մարդ, զոհվել` 36-ը: 

Վթարը տեղի էր ունեցել Հյուսիսային Կիվու նահանգի վարչական Գոմա քաղաքի կենտրոնում: Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ինքնաթիռն ընկել էր բնակելի թաղամասում: Օդաչուին հաջողվել էր խուսափել տների հետ բախումից:

«Մոսկովսկի կոմսոմոլեցը» նշում է, որ տեղական բոլոր ավիաընկերություններն ընդգրկված են  ԵՄ-ի «սեւ ցուցակում»:  Նրանք շահագործում են մաշված  ինքնաթիռներ, որոնց արգելվել է թռչել ԵՄ-ի օդային տարածքով: