Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողով իր այսօրվա՝ ապրիլի 1-ի արտահերթ նիստում, սահմանել է Երեւանի ավագանու ընտրություններին գրանցված կուսակցություններին, կուսակցությունների դաշինքին հանրային հեռուստատեսությամբ եւ հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրելու կարգը: Այդ կարգի համաձայն, նախընտրական քարոզչության ժամանակ հանրային հեռուստատեսությամբ եւ հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրվում է հավասար պայմաններով:
Կուսակցությանը նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով հանրային հեռուստատեսությամբ եթերաժամ տրամադրվելու է ժամը 18.00-ից, իսկ հանրային ռադիոյով` ժամը 13:30-ից: Համաձայն սահմանված կարգի, տեխնիկական անհրաժեշտությունից ելնելով, հանրային հեռուստատեսության կամ հանրային ռադիոյի կողմից նշված ժամանակահատվածը կարող է տեղաշարժվել, բայց ոչ ավելի, քան 30 րոպե:
Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությանը, նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով, հանրային հեռուստատեսությունը տրամադրում է 30 րոպե անվճար եւ մինչեւ 50 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ, ընդ որում՝
1) 2013թ. ապրիլի 7-ից մինչեւ 2013թ. ապրիլի 10-ը ներառյալ (4 օր)՝ օրը 1 րոպե անվճար եւ մինչեւ 1 րոպե վճարովի հիմունքներով.
2) 2013թ. ապրիլի 11-ից մինչեւ 2013թ. ապրիլի 30-ը ներառյալ (20 օր)՝ օրը 1 րոպե անվճար եւ մինչեւ 2 րոպե վճարովի հիմունքներով.
3) 2013թ. մայիսի 1-ից մինչեւ 2013թ. մայիսի 3-ը ներառյալ (3 օր)՝ օրը 2 րոպե անվճար եւ մինչեւ 2 րոպե վճարովի հիմունքներով։
Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությանը, նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով` հանրային ռադիոն տրամադրում է 50 րոպե անվճար եւ մինչեւ 80 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ, ընդ որում՝
1) 2013թ. ապրիլի 7-ից մինչեւ 2013թ. ապրիլի 10-ը ներառյալ(4 օր)՝ օրը 1 րոպե անվճար եւ մինչեւ 2 րոպե վճարովի հիմունքներով.
2) 2013թ. ապրիլի 11-ից մինչեւ 2013թ. ապրիլի 30-ը ներառյալ (20 օր)՝ օրը 2 րոպե անվճար եւ մինչեւ 3 րոպե վճարովի հիմունքներով.
3) 2013թ. մայիսի 1-ից մինչեւ 2013թ. մայիսի 3-ը ներառյալ (3 օր)՝ օրը 2 րոպե անվճար եւ մինչեւ 4 րոպե վճարովի հիմունքներով։
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն սահմանել է նաեւ Երեւանի ավագանու ընտրություններին գրանցված կուսակցություններին, կուսակցությունների դաշինքին հանրային հեռուստատեսությամբ եւ հանրային ռադիոյով անվճար եւ վճարովի եթերաժամ տրամադրելու ժամանակացույցը:




























