Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր այսօրվա՝ ապրիլի 1-ի արտահերթ նիստում, Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջեւ բաշխել է 5 քմ-ն գերազանցող արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ տեղադրելու իրավունքը: Բաշխումն իրականացվել է` հաշվի առնելով արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ տեղադրելու համար կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի կողմից ներկայացված հայտերը, ինչպես նաեւ վահանակները տնօրինող կազմակերպությունների կողմից տրամադրված վահանակների ցանկերը:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը տեղեկացրել է, որ վահանակները տնօրինող կազմակերպությունների կողմից տրամադրված 216 վահանակներից 9-ի վերաբերյալ հայտեր չէին ներկայացվել: Այն 48 վահանակները եւ վահանակների կողմերը, որոնց վերաբերյալ ներկայացվել է միայն մեկ հայտ, պաստառներ փակցնելու իրավունքը վերապահվել է միակ հայտը ներկայացրած կուսակցություններին, իսկ մնացած 159 վահանակները (227 մրցակցային կողմ), որոնց վերաբերյալ ներկայացվել էին մեկից ավելի հայտեր, առանձնացվել են որպես մրցակցային վահանակներ եւ խմբավորվել: Յուրաքանչյուր խմբում ներառվել են այն վահանակները, որոնց միեւնույն կողմի վրա հայտ էին ներկայացրել միեւնույն 2, 3, 4, 5, 6 կամ 7 կուսակցություններ:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մրցակցային համարվող վահանակների մրցակցային կողմերը «MS VISUAL STUDIO» ծրագրի միջոցով բաշխել է հայտ ներկայացրած կուսակցությունների միջեւ` հաշվի առնելով մրցակցային համարվող վահանակների մրցակցող բոլոր կողմերի ընդհանուր թիվը եւ այդ կողմերի համար ներկայացված հայտերի ընդհանուր թիվը` ապահովելով յուրաքանչյուր կուսակցության հայտի մրցակցող մասի համամասնորեն հավասար բավարարման սկզբունքը: