Երեւան-Վան չվերթը որեւէ քաղաքական նպատակ չէր հետապնդում, սակայն թուրքական իշխանությունները փորձ արեցին քաղաքականացնել այն: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Գիտությունների ազգային ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

«Երեւան-Վան չվերթը չեղյալ հայտարարելով` թուրքական իշխանությունները մեկ անգամ եւս փորձ արեցին քաղաքական ճնշում գործադրել Հայաստանի վրա` նպատակադրվելով մեկուսացնել մեր երկիրը»,- նկատել է թուրքագետը:

Նրա խոսքով, ինչպես չեղյալ հայտարարված չվերթի, այնպես էլ Երեւան-Ստամբուլ չվերթի դեպքում Թուրքիան ցանկանում է ցույց տալ, որ ինքն է որոշում Հայաստանի հետ հաղորդակցման ձեւերը: «Իհարկե, դա հակասում է թուրքական կողմի` Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին հայտարարություններից, իսկ Թուրքիայի վերջին քայլերը վկայում են այդ փաստը»,- ընդգծել է Սաֆրաստյանը` հավելելով, որ մյուս երկրները եւս պետք է հասկանան, որ Թուրքիան անում է ամեն ինչ` Հայաստանի դեմ հարկադրման քաղաքականության շարունակելու համար:

Հիշեցնենք, որ մարտի 28-ին Թուրքիայի քաղաքավիացիայի վարչությունը չեղյալ էր հայտարարել Վան-Երեւան-Վան չվերթը, իսկ ապրիլի 1-ից դադարեցվել է Երեւան-Ստամբուլ չվերթը: