Այսօր Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը եւ Պաշտպանի աշխատակազմի մի շարք ներկայացուցիչներ Գյումրի քաղաքում նշել են Պաշտպանի աշխատակազմի մարզային գրասենյակների հիմնադրման մեկամյա տարելիցը, որտեղ Պաշտպան Կարեն Անդրեասյանը ներկայացրեց նաեւ 2013 թվականի նախագահի ընտրությունների վերաբերյալ պաշտպանի արտահերթ զեկույցը: Միջոցառմանը մասնակցել են ԵՄ պատվիրակության, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի, Պաշտպանի աշխատակազմի հետ համգործակցող այլ միջազգային եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պաշտոնատար անձիք:

Մեկ տարի առաջ հանրապետության 6 մարզկենտրոններում, մասնավորապես` Վանաձորում, Գավառում, Իջեւանում, Գյումրիում, Եղեգնաձորում, Կապանում հիմնադրվեցին  Պաշտպանի աշխատակազմի մարզային գրասենյակները: Մարզային գրասենյակները հիմնվել են «Հայաստանի Հանրապետությունում 2012-2013 թվականների ընտրությունների ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կարողությունների զարգացում»-ի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրամիության եւ իրականցվում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից: Ծրագիրը մաս է կազմում 1.7 մլն եվրո արժողությամբ ծրագրի, որը միտված է Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխան ընտրական գործընթացի հզորացմանը: Սույն ծրագրի շրջանակներում 278 150 եվրո հատկացվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին: Գրասենյակների ակտիվ գործունեության շնորհիվ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի հեռավոր մարզկենտրոններում, գյուղերում եւ համայնքներում մի շարք քաղաքացիներ կարողացան վերականգնել իրենց խախտված իրավունքները, ստանալ իրավաբանական խորհրդատվություն եւ օգտվել գրասենյակի այլ ծառայություններից։ Պաշտպանի վեց մարզային գրասենյակները մասնակցել են ինչպես խորհրդարանական եւ նախագահական, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին՝ իրականացնելով մշտադիտարկում, արագ արձագանքում եւ տրամադրելով իրավաբանական խորհրդատվություն: Այս ժամանակահատվածում վեց մարզային գրասենյակներում էապես աճել է դիմումատուների թիվը՝  Լոռի՝ 219.3%, Շիրակ՝ 209,1%, Գեղարքունիք՝ 207%, Վայոց Ձոր՝ 200%, Տավուշ՝ 97.2%, Սյունիք՝ 93.2%:

ԵԱՀԿ-ի եւ ԵՄ-ի աջակցությունը Պաշտպանի մարզային գրասենյակներին կավարտվի այս տարի, քանի որ Պաշտպանը հրաժարվել է բոլոր միջազգային դրամաշնորհներից: Այս ծավալներով 6 մարզային գրասենյակների մեկ տարվա գործունեության համար անհրաժեշտ է մոտ 60 միլիոն ՀՀ  դրամ /110 000 եվրո/:  Հուսանք, որ ՀՀ Կառավարությունը այս տարի կբավարարի Պաշտպանի բյուջեի հավելման հայտը, եւ մարզային գրասենյակները իրենց գործունեությունը կշարունակեն նաեւ 2014 թվականին:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am