ՀՅԴ Հայաստանի Գերագուն մարմինը հայտարարություն է տարածել կապված Պռոշյանի դաշնակցական գյուղապետի սպանության հետ:

Հայտարարությունում ասվում է.

«Այսօր` ապրիլի 2-ի առավոտյան, աշխատավայրի դիմաց ահաբեկչության զոհ է դարձել Պռոշյան համայնքի ղեկավար Հրաչ Մուրադյանը: Տեղի է ունեցել կանխամտածված ու ծրագրված սպանություն: Ակնհայտ է նաեւ, որ, անկախ կատարողներից, ոճրագործությունը անպատժելիության եւ անհանդուրժողական մթնոլորտի հետեւանք է: Հրաչ Մուրադյանը հավատավոր դաշնակցական էր, Արցախյան ազատամարտի առաջին օրերից մինչեւ ավարտը, մարտական փառահեղ ուղի էր անցել։ Պարգեւատրվել էր Արցախի «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի եւ հայրենիքի պաշտպանության համար բազմաթիվ մեդալներով: 2005-ից երեք անգամ անընդմեջ ընտրվելով գյուղապետ` նա դրսեւորել էր իրեն որպես օրինակելի ղեկավար, իրականացրել էր տարբեր ծրագրեր, նպաստել պռոշյանցիների բազմաթիվ խնդիրների լուծմանը: Իր տեսակով ու նկարագրով լինելով պայքարող, ինքնուրույն եւ ժողովրդի շահերով առաջնորդվող անհատականություն` Հրաչ Մուրադյանը վայելում էր համագյուղացիների սերն ու համակրանքը։ Դա հարուցում էր ոմանց ակնհայտ դժգոհությունը: Ղեկավարման տարիներին նրա շուրջ մշտապես փորձ է արվել լարվածություն ստեղծել: Բազմիցս դրսեւորված սպառնալիքներն ու ահաբեկումները, ի վերջո, հասցրեցին այս վախճանին: Ցավով արձանագրում ենք, որ մեր երկրում երաշխավորված չէ քաղաքացու անվտանգությունը, հանցավոր գործելակերպը մեր կյանքի անբաժանելի մաս է կազմում։ Հրաչ Մուրադյանի կյանքը խլած դավադիր գնդակը ուղղված էր ոչ միայն ազնվագույն հայի եւ համայնքի սրտացավ ղեկավարի, այլեւ հայոց պետականության եւ նրա վարկի դեմ: Դատապարտելով կատարված ոճրագործությունը ՀՅ Դաշնակցությունը պահանջում է հանցագործության արագ եւ լիարժեք բացահայտում` կատարողների եւ կազմակերպիչների նկատմամբ խստագույն պատժի կիրառում»: