Դիակի դատաբժշկական փորձաքննության ընթացքում Պռոշյանի գյուղապետարանի առաջ սպանված ՀՅԴ-ական գյուղապետ Հրաչ Մուրադյանի գլխից հանվել են կրակված փամփուշտի գնդակի բեկորներ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանությունից:
Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, որոնք ուղարկվել են դատակենսաբանական փորձաքննության: Գնդակի տեսակը, տրամաչափը, ինչպես նաեւ կրակող հրազենը հայտնաբերելու նպատակով նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի առավոտյան 9.00-ի սահմաններում Պռոշյանի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել է Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին` աջ քունքի շրջանում հրազենային վնասվածքով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (սպանություն`անձի կամ նրա մերձավորի` կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) եւ 235-րդ հոդվածի 1-ի մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: Տարածքում պարկուճներ չեն հայտնաբերվել, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, կատարվում է նախաքննություն:


























