Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունում ստուգել են 17/05 ընտրատեղամասի քվեատուփի պարունակությունը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ քննչական միջոցառումները կատարվում են փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների ժամանակ տեղ գտած խախտումների մասին հայտարարության հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակւմ:
Հատկապես կարեւորագույն գործերի քննիչ Հովիկ Հովակիմյանի գլխավորած քննչական միջոցառումներին հրավիրվել էին տվյալ ընտրատեղամասի նախագահ Մարինե Դավթյանը, ԿԸՀ-ի ներկայացուցիչներ, վկաներ, լրատվամիջոցներ: «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արտակ Համբարձումյանը եւ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ Հայաստան» կազմակերպության անդամ Նարինե Իսմայիլը, որոնց հայտարարությունների հիման վրա հարուցվել էր քրեական գործը, չէին ներկայացել:
Քվեաթերթիկների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դրանց քանակը ընտրողների քանակից երկուսով պակաս է՝ ընտրողները 1337-ն են, իսկ քվեաթերթիկները՝ 1335: Հանձնաժողովի նախագահն այդ անհամապատասխանությունը չի բացատրել: Այնուհետեւ պարզվել է, որ ըստ արձանագրության՝ Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին քվեարկել էր 432 մարդ, սակայն իրականում նրա օգտին քվեարկել են 421-ը, եւս հինգ քվեաթերթիկ է ստացել Սերժ Սարգսյանը, եւս մեկը՝ Անդրիաս Ղուկասյանի, եւս հինգը՝ անվավեր: Տվյալ ընտրատեղամասում Սերժ Սարգսյանի օգտին քվեարկել էր 829 ընտրող: Տուփը բացելուց հետո պարզվել էր, որ մեկ քվեաթերթիկ պատռված է: Մյուս թեկնածուների դեպքում որեւէ խախտում չի գրանցվել, իսկ ձայները բաշխվել են հետեւյալ կերպ. Պարույր Հայրիկյան՝ 7, Հրանտ Բագրատյան՝ 21, Վարդան Սեդրակյան՝ 2, Արման Մելիքյան՝ 3: Չէր օգտագործվել 711 քվեաթերթիկ, անվավեր էր ճանաչվել 35-ը:




























