Ապրիլի 4-ին եւ 5-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկում կանցկացնի Մարտակերտ-Թարթառ եւ Աղդամ - Բարդա ուղղություններով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դիտարկումը կիրականացվի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի գլխավորությամբ:

Նախատեսվում է, որ դիտարկման ժամանակ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կհատեն շփման գիծը ականազերծված տեղանքով:

ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը եւ ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցելու են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: