Այսօր՝ ապրիլի 2-ին, Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադրման 23-րդ տարեդարձի օրը, ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել շուրջ 200 երիտասարդների անդամագրումը ՀՀԿ-ին: 2013թ. ընթացքում շուրջ 1000 երիտասարդ հայտ է ներկայացրել՝ ՀՀԿ շարքերում ընդգրկվելու համար։

Կուսակցական տոմսերի հանձնման արարողությանը ներկա են եղել ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ երկտասարդական կազմակերպության (ԵԿ) նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը:

Կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը երիտասարդներին ներկայացրել է ՀՀԿ ստեղծման պատմությունը, կուսակցության անցած ուղին։

«Երիտասարդության հիմնախնդիրները մշտապես եղել են ՀՀԿ ղեկավարության ուշադրության կենտրոնում: Ես նույնպես երիտասարդ եմ եւ ձեզնից մեկը: Մենք միասին շատ գործ ունենք անելու»,- դիմելով ներկաներին՝ նշել էց Տարոն Մարգարյանը:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը, շնորհավորելով երիտասարդներին իրենց շարքերը համալրելու կապակցությամբ, նկատել է, որ 23 տարիների ընթացքում ՀՀԿ-ն պարբերաբար համալրվել է երիտասարդներով, եւ կուսակցությունում սահուն սերնդափոխությունը մշտական գործընթաց է։ «Երիտասարդները ՀՀԿ ԵԿ-ին արդեն իսկ ներկայացրել են իրենց նոր գաղափարներն ու ծրագրերը, եւ բնականաբար, կրողն ու մասնակիցն են լինելու այն ամբողջ գործընթացներին, որոնք կիրականացվեն մեր կողմից»,- նշել է Կարեն Ավագյանը։