«Հայռուսգազարդ» ընկերությունը պատրաստվում է վերաքննիչ բողոք ներկայացնել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մարտի 6-ի որոշման դեմ: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց «Հայռուսգազարդ» ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը` մեկնաբանելով դատարանի որոշումը, որով գազամատակարարող ընկերությունը խոշոր տուգանքի էր ենթարկվել ֆերմերային տնտեսության բերքը փչացնելու համար:

Նշենք, որ 2008թ. սեպտեմբերին «Հայռուսգազարդն» անջատել էր Լոռիի մարզի «Ասար» ԲԲԸ տնօրեն Սամվել Հարությունյանին պատկանող ջերմոցի գազամատակարարումը` պարտքերը չվճարելու պատճառաբանությամբ: Գազամատակարարող ընկերությունը հրաժարվել էր միացնել գազամատակարարումը, արդյունքում 80 տոննա բերքն ամբողջությամբ փչացել էր:

2011թ. օգոստոսին Սամվել Հարությունյանը հայց էր ներկայացրել «Հայռուսգազարդ»-ի դեմ, եւ այս տարվա մարտին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել ընկերությունից հօգուտ Հարությունյանի բռնագանձել 44 մլն 925 հազար 714 դրամ, իսկ հօգուտ պետբյուջեի` 898 հազար 514 դրամ: