«Արմավիա» ավիաընկերությունը տոմսեր գնած ուղեւորների գումարները կսկսի փոխհատուցել ապրիլի 11-ից: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ավիաընկերությունից:

Նրանց փոխանցմամբ` մինչ այդ ուղեւորները կարող են դիմել Նալբանդյան-23 հասցեում գտնվող «Արմավիայի» գրասենյակ, գրանցվել, որպեսզի ապրիլի 11-ից ըստ հերթականության սկսվի փոխհատուցման գործընթացը:

Հարցին, թե այսօր մի խումբ քաղաքացիներ եկել էին Նալբանդյան-23 հասցեում գտնվող «Արմավիայի» գրասենյակ, սակայն այնտեղ ոչ ոք չկար, մեզ պատասխանեցին, որ քանի որ ավիաընկերությունը հայտարարել է սնանկացման մասին, աշխատակիցները մտածել են, թե կարող են չգալ աշխատանքի:

Նշենք, որ այսօր տոմս գնած ավելի քան 30 քաղաքացիներ հավաքվել էին Նալբանդյան 23 հասցեում գտնվող «Արմավիայի» գրասենյակի մոտ, սակայն ոչ ոք նրանց չէր ընդունել: Այնտեղից նրանք գնացել էին Կառավարության շենքի մոտ, ապա ՄԻՊ գրասենյակ, նախագահական նստավայր: Քաղաքացիները պահանջում են կամ փոխել գնած տոմսերը եւ ապահովել թռիչքը, կամ փոխհատուցել դրանց գումարը: Ակցիայի մասնակցիներից Ռոմիկը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ որեւէ տեղ ոչ մի ռեալ պատասխան չեն տվել, ընդամենը հուսադրել են, որ գումարները կփոխհատուցեն, սակայն չեն ասել, թե երբ: Իսկ երբ նրան տեղեկացրինք, որ «Արմավիան» պատրաստվում է ապրիլի 11-ից սկսել փոխհատուցումը, վերջինս ասաց, որ վաղը եւս կգնա ավիաընկերության գրասենյակ ու հավելեց. «Էլ բողոքի ակցիա անելու իմաստը ո՞րն է, ավելի լավ է տոմս առնենք, թռնենք»:

Նշենք, որ 1996թ. ստեղծված ընկերությունը օրեր առաջ հայտարարություն էր տարածել ապրիլի 1-ից չվերթները դադարեցնելու եւ սնանկության գործընթաց սկսելու մասին:

«Ավիացիան այն ոլորտն է, որտեղ չի կարելի կանգ առնել ձեռքբերումների վրա: Երեք տարվա ընթացքում «Արմավիա» ընկերությունը միջոցներ է ներդրել այլ բիզնեսներից «Արմավիա»-ի զարգացումը պահպանելու համար: Սակայն, այսօրվա դրությամբ, իրավիճակն այնպիսին է, որ այդկերպ աշխատանքը շարունակելու հնարավորություն չկա, ուստի որոշում է կայացվել դադարեցնել թռիչքներն ու սկսել սնանկության գործընթաց»,- ասվում էր ընկերության հայտարարության մեջ:

Ընկերությունն ահռելի պարտքեր ունի ոչ միայն «Զվարթնոց» օդանավակայանին եւ սեփական աշխատակիցներին, այլ նաեւ ռուսական ընկերություններին, մասնավորապես ռուսական օդանավակայաններին պարտք է մոտ 45 մլն ռուբլի: Մասնավորապես, «Վնուկովո» օդանավակայանին ընկերությունը պարտք է ավելի քան 44 մլն ռուբլի, իսկ Կրասնոդարի եւ Սոչիի օդանավակայաններին («Բազել Աէրո» հոլդինգ)՝ մոտ 900 հազար ռուբլի: Ռուսական ՎՏԲ բանկը «Արմավիա» եւ Միխայիլ Բաղդասարովին պատկանող մեկ այլ` Mika Limited ընկերությունների դեմ՝ 22 մլն դոլարի չափով հայց է ներկայացրել:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am