Ազնիվ գործարարները վախենալու բան չունեն նոր իշխանություններից, Նոր Հայաստանում նրանք կդառնան հարգված քաղաքացիներ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 2-ին, Արմավիր քաղաքի բնակիչների հետ հանդիպում-հանրահավաքի ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
«Մեզ մոտեցան մի քանի գործարարներ եւ հարցրեցին. «Ինչո՞ւ դուք երբեք չեք խոսում բիզնեսի շահերից: Չէ՞ որ մեզ էլ են նեղում, ստիպված ենք լինում շատ բանի դիմանալ, որպեսզի պահպանենք մեր գործը»: Ես էլ պատասխանեցի. «Գործարարը հասարակության թշնամին չէ: Հակառակը՝ յուրաքանչյուր խելամիտ պետություն շահագրգռված է ազգային կապիտալի ձեւավորմամբ: Իսկ ներկա իշխանության դեպքում ինչո՞ւ յուրաքանչյուր գործարար դիտարկվում է որպես փող պոկելու թիրախ: Այնինչ եթե մտածենք, օրինական հարկեր վճարելը ոչ միայն ավելի ազնիվ կլինի, այլեւ անհամեմատ ձեռնտու, քան անվերջ «ձախ» գումարներ վճարելը»,-ասաել է Հակոբյանը:
Նրա խոսքով՝ ենթարկվելով այդ կանոններին, խոշոր բիզնեսը փորձում է պաշտպանվել պատգամավորական մանդատներով: «Ես 4 անգամ պատգամավոր եմ եղել եւ շատ մարդիկ եմ տեսել, որոնք, ինչպես ասեմ, ոչ թե ալեիգիա ունեին խոսափողից, այլ որոշակի վախ հասարակության առջեւ ելույթ ունենալուց: Իմ պատգամավորության տարիներին նրանք խորհրդարանում ոչ մի օգտակար գործ չեն արել: Այդ դեպքում ինչո՞ւ են նրանք գտնվում այնտեղ: Որովհետեւ կորցնելով մանդատը, նրանք կկորցնեն նաեւ բիզնեսը: Ես դրա օրինակները շատ եմ տեսել»,-հավելել է ընդդիմադիր գործիչը՝ վստահեցնելով, որ Նոր Հայաստանը, որը կառուցելու է ժողովրդական շարժումը, կազատի երկիրը գործարարներին «մերոնց» ու «ձերոնց» բաժանելուց:




























