Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության դեպքի հնարավոր ականատեսներ հայտնաբերելու նպատակով հարցաքննվել են բազմաթիվ վկաներ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նրանց փոխանցմամբ` Հրաչ Մուրադյանի հագուստի վրա հնարավոր կրակոցի հետքեր, արգասիքներ, մանրաթելեր, քաշքշուկի հետքեր հայտնաբերելու նպատակով նշանակվել է դատաքիմիական, դատաձգաբանական, դատահետքաբանական եւ միկրոմասնիկային համալիր փորձաքննություն:
Հնարավոր ականատեսներ հայտնաբերելու նպատակով հարցաքննվել են բազմաթիվ վկաներ: Սպանության գործի հետագա նախաքննությունը կիրականացնի ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերով քննության վարչությունը:
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի առավոտյան 9.00-ի սահմաններում Պռոշյանի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել է Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին` աջ քունքի շրջանում հրազենային վնասվածքով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (սպանություն`անձի կամ նրա մերձավորի` կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) եւ 235-րդ հոդվածի 1-ի մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: Տարածքում պարկուճներ չեն հայտնաբերվել, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, կատարվում է նախաքննություն:


























