«Արմավիա» ավիաընկերությունից տոմսեր գնած ուղեւորները դիմում-բողոք են գրել Մարդու իրավունքների պաշտպանին: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՄԻՊ գրասենյակից, որտեղից նշեցին, որ դիմում-բողոքը դեռ ուսումնասիրվում է:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Արմավիա» ավիաընկերությունը տոմսեր գնած ուղեւորների գումարները կսկսի փոխհատուցել ապրիլի 11-ից: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել էին ավիաընկերությունից: Նրանց փոխանցմամբ` մինչ այդ ուղեւորները կարող են դիմել Նալբանդյան-23 հասցեում գտնվող «Արմավիայի» գրասենյակ, գրանցվել, որպեսզի ապրիլի 11-ից ըստ հերթականության սկսվի փոխհատուցման գործընթացը:

Հարցին, թե այսօր մի խումբ քաղաքացիներ եկել էին Նալբանդյան-23 հասցեում գտնվող «Արմավիայի» գրասենյակ, սակայն այնտեղ ոչ ոք չկար, մեզ պատասխանել էին, որ քանի որ ավիաընկերությունը հայտարարել է սնանկացման մասին, աշխատակիցները մտածել են, թե կարող են չգալ աշխատանքի:

Նշենք, որ 1996թ. ստեղծված ընկերությունը օրեր առաջ հայտարարություն էր տարածել ապրիլի 1-ից չվերթները դադարեցնելու եւ սնանկության գործընթաց սկսելու մասին: «Ավիացիան այն ոլորտն է, որտեղ չի կարելի կանգ առնել ձեռքբերումների վրա: Երեք տարվա ընթացքում «Արմավիա» ընկերությունը միջոցներ է ներդրել այլ բիզնեսներից «Արմավիա»-ի զարգացումը պահպանելու համար: Սակայն, այսօրվա դրությամբ, իրավիճակն այնպիսին է, որ այդկերպ աշխատանքը շարունակելու հնարավորություն չկա, ուստի որոշում է կայացվել դադարեցնել թռիչքներն ու սկսել սնանկության գործընթաց»,- ասվում էր ընկերության հայտարարության մեջ:

Ընկերությունն ահռելի պարտքեր ունի ոչ միայն «Զվարթնոց» օդանավակայանին եւ սեփական աշխատակիցներին, այլ նաեւ ռուսական ընկերություններին, մասնավորապես ռուսական օդանավակայաններին պարտք է մոտ 45 մլն ռուբլի: Մասնավորապես, «Վնուկովո» օդանավակայանին ընկերությունը պարտք է ավելի քան 44 մլն ռուբլի, իսկ Կրասնոդարի եւ Սոչիի օդանավակայաններին («Բազել Աէրո» հոլդինգ)՝ մոտ 900 հազար ռուբլի: Ռուսական ՎՏԲ բանկը «Արմավիա» եւ Միխայիլ Բաղդասարովին պատկանող մեկ այլ` Mika Limited ընկերությունների դեմ՝ 22 մլն դոլարի չափով հայց է ներկայացրել: