Երեւանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը Հայաստանի ասորական ասոցիացիայի նախագահ Արսեն Միխայլովին եւ նրա միջոցով Հայաստանի ասորական ամբողջ համայնքին է փոխանցել քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորանքը Հաբ-Նիսանի՝ ասորական նոր տարվա կապակցությամբ:
«Երեւանում ասորական համայնքը մշտապես իր մասնակցությունն է բերում իրականացվող քաղաքային տարբեր ծրագրերին: Հատկապես ակտիվորեն է ներգրավված հասարակական-մշակութային նախագծերում: Մենք բարձր ենք գնահատում ազգային փոքրամասնությունների դերն ու նշանակությունը քաղաքի կյանքում եւ հույս ունենք, որ առաջիկայում համատեղ նոր ծրագրեր իրականացնելու հնարավորություններ կընձեռվեն»,- նշել է Վանո Վարդանյանը` քաղաքապետի անունից վերահաստատելով, որ Երեւանի քաղաքապետարանը պատրաստ է իր լիազորությունների շրջանակում համագործակցել ու աջակցել համայնքին:
Համայնքի անունից շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուշադրության եւ շնորհավորանքների համար` Արսեն Միխայլովն ընդգծել է, որ երեւանաբնակ ասորի համայնքն իր հերթին կարեւորում է քաղաքապետարանի հետ համագործակցության ընդլայնման հեռանկարները:
«Անչափ զգացված ենք քաղաքապետի վերաբերմունքի եւ գնահատանքի համար եւ պատրաստակամ՝ հնարավորությունների չափով նպաստել մեր մայրաքաղաքի զարգացմանը: Իհարկե, Երեւանի զարգացումն ակնհայտ է ` շնորհիվ այն փորձի, որ Տարոն Մարգարյանը ներդնում է ի նպաստ քաղաքի զարգացման»,- նշել է Արսեն Միխայլովն ու փոխանցել համայնքի երիտասարդների ցանկությունը` մասնակցելու ապրիլի 14-ին կազմակերպվելիք համաքաղաքային ծառատունկին:




























