Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը կանգ է առել: Նման տեսակետ հայտնեց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը՝ այսօր՝ ապրիլի 2-ին կայացած տեսակոնֆերանսի ժամանակ, որը կազմակերպել էր Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտը (IWPR):

Ադրբեջանական կողմից տեսակոնֆերանսին մասնակցում էր «Զերկալո» թերթի խմբագիր, «Հանրապետական այլընտրանք» շարժման մամուլի քարտուղար Նիջադ Մելիքովը:

Քաղաքագետը հիշեցրեց, որ ավելի քան մեկ տարի է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները չեն հանդիպել: Նույնիսկ ԱԳ նախարարները չեն հանդիպում, դրանք տեղի են ունենում ԱԳ նախարարների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջեւ: «Ընդհանուր պատկերն այն է, որ գործընթացը կանգ է առել»,-ասաց նա: Գրիգորյանի խոսքով՝ վերջին ժամանակներս փոխվում է հակամարտության էությունը՝ անցնելով այլ հարթություն: Այսպես, եթե նախկինում հրադադարի ռեժիմի խախտումներն ու միջադեպերը տեղի էին ունենում հիմնականում ղարաբաղյան ուղղությամբ, ապա հիմա շատ միջադեպեր գրանցվում են Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին, խոսակցություններն էլ կենտրոնանում են փոխադարձ մեղադրանքների, Սաֆարովի գործի, Ստեփանակերտի օդանավակայանի վրա, քան՝ հակամարտության կարգավորման:

«Մադրիդյան սկզբունքների մասին ընդհանրապես ոչ ոք չի խոսում»,-նկատեց քաղաքագետը՝ հավելելով, որ երկու երկրների հասարակություններում քիչ է լավատեսությունը, իսկ հայկական հասարակությունում «փոխզիջում» բառը վիրավորական է դարձել:
Միաժամանակ, Ստեփան Գրիգորյանը կարծիք հայտնեց, որ Ռուսաստանը, լինելով ԵԱԿՀ Միսնկի խմբի համանախագահող երկիր, այդուհանդերձ, այնքան էլ շահագրգռված չէ հակամարտության կարգավորմամբ, քանի որ դա կնվազեցնի կողմերի կախվածությունը Մոսկվայից: Միաժամանակ, ԱՄՆ-ը նույնպես սկսել է պասիվ դիրքորոշում որդեգրել: