Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի բացակայությունը սպասելի էր: Նման կարծիք է հայտնել ադրբեջանական «Զերկալո» թերթի խմբագիր, «Հանրապետական այլընտրանք» շարժման մամուլի քարտուղար Նաջադ Մելիկովը` ապրիլի 2-ին Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման հարցերով ինտիտուտի  (IWPR) կողմից կազմակերպված տեսակոնֆերանսի ժամանակ: Հայկական կողմից  կոնֆերանսին մասնակցում էր Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը:

Նաջադ Մելիկովի խոսքով` գործընթացի այդ «խցանումը» քսան տարի շարունակվող անարդյունք բանակցությունների հետեւանք է: Բանակցությունների` փակուղում հայտնվելու պատճառներից մեկն էլ հասարակությունների` փոխզիջումներին անպատրաստ լինելը, կողմերի քաղաքական էլիտաների որակը, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական դերակատարներն են:  Սրանք հանգեցնում են նրան, որ բանակցություններ են վարվում ոչ թե առաջընթացի հասնելու համար, այլ պարզապես հանուն բանակցությունների:

«Հայ եւ ադրբեջանական հասարակությունների շրջանում այն կարծիքն է, որ բանակցությունների իմիտացիա է»,-նշեց Մելիկովը:

Ինչ վերաբերում է  հրադադարի ռեժիմի խախտումներին, նա նկատեց, որ կողմերը մեղադրում են միմյանց, մինչդեռ խնդիրը նրանում է, թե մոնիտորինգի ինչպիսի հնարավորություններ գոյություն ունեն: «Ինչո՞վ է զբաղվում ԵԱՀԿ Մինսկի խումբը»,-նկատեց Մելիկովը: