Չարենցավանի «Ձուլակենտրոն» ընկերությունը լիովին հաղթահարել է ճգնաժամի ազդեցությունը եւ արձանագրում է արտադրության ծավալների աճ: Այդ մասին այսօր՝ ապրիլի 3-ին գործարան այցելած լրագրողներին ասաց ընկերության գլխավոր տնօրեն Արտակ Մելքոնյանը:
Գործարանը 2012 թ. արտադրել է 7500 տոննա սեւ եւ գունավոր մետաղների ձուլվածքներ, որոնց հիմնական պատվիրատուն հանքերն են: Նախատեսվում է արտադրության ծավալը հասցնել տարեկան 8000 տոննայի: Ընկերությունն աշխատանքով ապահովում է 325 մարդու՝ 245 հազ. դրամ միջին ամսական աշխատավարձով:
Նշենք, որ այսօր գործարանում աշխատանքային այց կատարեց նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի կառավարությունից, տնօրենը պատասխանեց. «Հիմա որ վարչապետը գա, կասեմ օգնեն, որպեսզի խոչընդոտները վերանան»: Սակայն այնուհետ հրաժարվեց կոնկրետացնել, թե ինչ խոչընդոտների մասին է խոսքը, ասելով, որ հարկայինի հետ նորմալ աշխատում են, իսկ բանկերից 13%-ով վերցրած 300 մլն դրամ վարկը համարյա լրիվ մարել են:




























