Համաժողովրդական շարժման խորհրդանիշը ոչ թե քաղաքական գործիչներն են, այլ երեխաներն ու ծերերը: Այդ մասին ապրիլի 3-ին հայտարարել է նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` ելույթ ունենալով Սեւան քաղաքում իր կողմնակիցների առջեւ, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

«Մեր պայքարի խորհրդանիշը դպրոցականներն են, ուսանողները, նրանց տատիկներն ու պապիկները, որ ապրում են հանուն իրենց հայրենիքի եւ ընտանիքի: Շարքային մարդիկ, մանր կրպակատերերը, առեւտրականները եւ ոստիկանները: Այո, ոստիկանները, նրանք մեր համաքաղաքացիներն են եւ մենք պայքարում ենք նրանց ապագայի համար: Մեր ապագայի համար»,- ասել է ընդդիմադիրը:

Հովհաննիսյանի նախորդ այցին նրան դիմավորել էր քաղաքապետը: «Ես հարգանք ցուցաբերեցի նրա նկատմամբ, ողջունեցի, իսկ ինչո՞վ նա պատասխանեց ինձ: Ինչո՞վ պատասխանեց ձեզ: Այդ մարդը, ով շատ բան է տեսել կյանքում եւ միլիոնատեր է դարձել, գնում է խանութներ եւ ահաբեկում մարդկանց: Կնոջից, ով ամեն ինչ ասեց իր մասին, պաշտպանվում ոստիկանությամբ եւ դատախազությամբ, դատի տալիս նրան: Դա՞ է Սեւանի պատիվը: Իհարկե, ոչ: Եւ ոստիկանները, որ այժմ մեզնից թաքնվում են խանութներում, ես հենց նոր հաշվեցի հինգին, պետք է դուրս գան ձեր թիկունքից եւ պաշտպանեն ձեզ: Քանի որ մենք մի երկիր ենք, եւ մեկ ապագա ունենք»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը` սեւանցիներին կոչ անելով ապրիլի 9-ին, ժամը 11-ին անպայման լինել Երեւանում: