Հայաստանի Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը պարզաբանել է NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում իր արտահայտած միտքը՝ այն համարելով թյուրըմբռնման արդյունք:

Կոտայքի մարզպետարանի մամուլի ծառայությունից ստացված պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հայաստանի Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի`  Պռոշյան համայնքի երջանկահիշատակ ղեկավար Հրաչ Մուրադյանին վերաբերող հարցազրույցում տեղ է գտել որոշակի թյուրըմբռնում, որն ունի համապատասխան պարզաբանման անհրաժեշտություն:

Կոտայքի մարզպետն անդրադառնալով համայնքի ղեկավարման գործընթացներին` իր խոսքում «միջակից մի քիչ ցածր» արտահայտությամբ նկատի է  ունեցել տվյալ համայնքի բյուջեի կատարողական ցուցանիշի` մարզային միջինից ցածր լինելու հանգամանքը:

Լիարժեքորեն վստահեցնելով, որ Կոտայքի մարզպետն ամենեւին նպատակ չի ունեցել հիշյալ արտահայտությամբ կատարել անձնական որակումներ` խնդրում ենք մեր կողմից ներկայացվող այս պարզաբանումը եւս տեղադրել կայքում վերը նշված արտահայտության մեկնաբանությունը հանրությանը ճշմարիտ ներկայացնելու նկատառումներով:

Այս ամենով հանդերձ դարձյալ մեր ցավակցությունն ենք հայտնում Մուրադյանի ընտանիքի անդամներին եւ ցավով ու խորին ափսոսանքով սգում համայնքի ղեկավար` մեր գործընկերոջ ողբերգական մահը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում խոսելով Պռոշյանի գյուղապետի պաշտոնում Հրաչ Մուրադյանի աշխատանքի գնահատականին, նշել էր, որ գյուղապետի աշխատանքը սովորաբար գնահատում է համայնքը, ապա հավելել էր. «Եթե տարբերակում դնենք լավ, միջակ, վատ, ինքը միջակից մի քիչ ցածր համայնքի ղեկավար էր»: Հարցին, թե եթե վատ է աշխատել կամ միջակից ցածր ղեկավար է եղել, ինչպե՞ս է 3 անգամ անընդմեջ ընտրվել, Կովալենկո Շահգալդյանը պատասխանել էր. «Իրեն սիրում էին, ինքը ժողովրդի հետ շփվելու ունակություն ուներ, այսպես ասած` կռված տղա էր, ժողովուրդն ընդունում էր»:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանին սպանված էին գտել հենց գյուղապետարանի դիմաց՝ հրազենային վնասվածքով: