Երեւանի բնակիչների միայն փոքր մասը հստակ պատկերացում ունի Երեւանի ավագանու ընտրությունների անցկացման կարգի մասին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 3-ին, մամուլի ասուլիսում նշեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
«Մենք ցուցակներով ընտրում ենք որեւէ կուսակցության, այնուհետեւ այդ կուսակցության ներկայացուցիչները Երեւանի ավագանու առաջին նիստում ընտրում են Երեւանի քաղաքապետ: Այսինքն քաղաքապետի պաշտոնն ուղղակի ընտրովի չէ»,-հիշեցրեց նա:
Ադիիբեկյանի խոսքով՝ անցկացված հարցման տվյալները ցույց են տվել հետեւյալ արդյունքները. հարցվածների 16,7 տոկոսը համարում է, որ քաղաքապետն ընտրվում է ուղղակի ընտրությամբ, 12 տոկոսը կարծում է, որ սկզբում առանձին ընտրվում են Երեւանի ավագանու ընտրությունները, որոնք հետո ընտրում են քաղաքապետին: «Այսինքն հարցվածների մոտ 29 տոկոսը շատ անորոշ պատկերացում ունի մայրաքաղաքի ընտրական համակարգի վերաբերյալ: Ընտրողների միայն 21,4 տոկոսն է հստակ պատկերացնում, որ սկզբում ցուցակներով ընտրվում է Երեւանի ավագանին, իսկ հետո ավագանին քաղաքապետ է ընտրում»,-ասաց Ադիբեկյանը՝ հավելելով, որ միայն 17 տոկոսն է, որ ընդհանրապես չի հետաքրքրվում ընտրություններով:
Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























