Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ ապրիլի 3-ին, ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) ու Հայաստանի Ամերիկյան համալսարանի պատվիրակություններին: Հանդիպմանը քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հատուկ ուշադրություն է դարձվել կրթության եւ գիտության ոլորտներին: Այս համատեքստում նախագահ Սահակյանը չափազանց կարեւորել է Ստեփանակերտում Հայաստանի Ամերիկյան համալսարանի հատուկ դասընթացների ծրագրի մեկնարկը` այն արժեւորելով հանրապետությունում ժամանակակից ուսուցման, միջազգային առաջատար փորձի ներդրման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման տեսանկյուններից:

Հանդիպման մասնակցել են ՀԲԸՄ կառավարման խորհրդի անդամ Վազգեն Յակուբյանը, կազմակերպության Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Արփի Վարդանյանը, Հայաստանի Ամերիկյան համալսարանի ռեկտոր Բրյուս Պողոսյանը, պաշտոնատար այլ անձինք: