Հայաստանում դատարանները կողմնակալություն են դրսեւորում հօգուտ մեղադրողների՝ խախտելով անմեղության կանխավարկածը եւ կողմերի հավասարության սկզբունքները, իսկ տուժողները հաճախ չեն բարձրաձայնում անարդարության մասին՝ վախենալով վատթարացնել իրենց վիճակը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 3-ին, մամուլի ասուլիսում նշել է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ իրավաբան Տաթեւիկ Ղարիբյանը:

Նրա խոսքով՝ կալանավայրերը գերբեռնված են, դատապարտյալների համար չեն մշակվում վերականգնողական ծրագրեր, շեշտելով, որ իրենց կողմից նշված խնդիրներին վերաբերող  առաջարկներ են մշակվել:

Տաթեւիկ Ղարիբյանն այնուհետ անդրադարձել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից Հայաստանին ներկայացված 166 առաջարկներին, որոնցից պետության կողմից մինչ այժմ ամբողջությամբ կատարվել են 43-ը, մասամբ՝ 78-ը, իսկ 45-ը դեռեւս իրականացված չեն:

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ իրավաբան Աննա Մելիքյանը, սակայն, հստակեցրել է, որ Հայաստանը դեռ 2,5 տարի ունի՝ առաջարկներն ի կատար ածելու համար:

Խոշտանգումների թեմային անդրադառնալով՝ իրավաբանը նշել է, որ Արդարադատության նախարարությունը օրենք է մշակել խոշտանգումների ենթարկված անձանց պաշտպանելու վերաբերյալ, սակայն մինչ օրս այն «քնած» է Ազգային ժողովում:

Իրավաբանները փաստել են, որ Հայաստանի քրեական օրենսգրքում խոշտանգումների սահմանումը համապատասխանեցված չէ Խոշտանգումների դեմ պայքարի մասին ՄԱԿ-ի կոնվենցիային, եւ դատարանները շարունակում են ընդունել խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի հետեւանքով կորզված ապացույցները:

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արման Դանիելյանը, գնահատելով Հայաստանի քրեակատարողական համակարգը, ասել է, որ լուրջ առաջընթաց չի տեսնում այդ ոլորտում՝ «թեեւ Արդարադատության նախարարությունը որոշ փոփոխություններ եւ լրացումներ կատարում է իրավական համակարգում»: Բանախոսն ընդգծել է, որ չկան բողոքարկման արդյունավետ մեխանիզմներ, բացակայում է անչափահասների գործեր վարող առանձին համակարգը, իսկ լրագրողների մուտքը քրեակատարողական հիմնարկ ավելի է դժվարացել՝ «եթե թափանցիկ լիներ, կլիներ ավելի վերահսկելի»:

«Մեր խնդիրն այն է, որ հետեւողական լինենք, որպեսզի պետությունը կատարի ներկայացված առաջարկները», - հավելել է ՀԿ նախագահը: