Հայաստանի ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 3-ի նիստում Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկվել է կառավարության ներկայացրած «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախագծով առաջարկվում է սահմանել, որ նոր աշխատողի համար գրանցման հայտում եւ (կամ) եկամտային հարկի ամփոփ հաշվարկում ներառվելիք` անձին վերաբերող սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվությունը հարկային մարմին է ներկայացվում ոչ թե անհատական տեղեկությունների ներկայացման համար սահմանված ընդհանուր կարգով, այլ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվող առանձին կարգով:

Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ 2013 թվականի համար անվանական աշխատավարձի վերահաշվարկման պարտադիր պահանջը չի տարածվում այն գործատուների վրա, որոնք մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ը գործող օրենսդրության կամ միջազգային իրավական ակտերի համաձայն՝ ազատված են եղել գործատուի հաշվին պարտադիր սոցիալական ապահովության վճարներ հաշվարկելու եւ վճարելու պարտավորությունից:

Նախագծով առաջարկվում է նաեւ վերացնել օրենքի որոշ դրույթների տարընկալման դեպքերը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված օրինագծին՝ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկելու համար:

Հանձնաժողովը հեղինակների առաջարկով հետաձգել է ՀՀԿ, ԲՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների պատգամավորների ներկայացրած «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» նույնանուն երեք նախագծերի քննարկումը:

Նույն օրը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը Էլինար Վարդանյանի նախագահությամբ երրորդ ընթերցմամբ քննարկել է կառավարության եւ ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի ու Հովհաննես Մարգարյանի հեղինակած «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի նախագիծը, որով սահմանվում է քաղաքական, սոցիալական, տնտեսական, մշակույթի եւ հասարակական կյանքի այլ ոլորտներում կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների ու հավասար հնարավորությունների ապահովման երաշխիքները, կարգավորվում է դրանց առնչությամբ ծագող հարաբերությունները:

Հիմնական զեկուցող, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը տեղեկացրել է, որ մինչ երրորդ ընթերցում կառավարությունը խմբագրել է մի շարք հոդվածներ:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նա տեղեկացրել է, որ կառավարությունը պատգամավորների կողմից առաջարկներ չի ստացել:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված օրինագծերին:

Ապրիլի 3-ին ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը Ստեփան Մարգարյանի նախագահությամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության հեղինակած մի շարք օրինագծերի, որոնք ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» նախագծի նպատակը փոխադրամիջոցների համար գույքահարկի գանձման գործընթացի պարզեցումն է եւ ավելորդ բարդությունների վերացումը: Մասնավորապես՝ նախատեսվում է ամրագրել դրույթ, որի ընդունման պարագայում քաղաքացիները, ովքեր իրենց պատկանող փոխադրամիջոցի համար տարվա կտրվածքով վճարել են գույքահարկ՝ փոխադրամիջոցի օտարման դեպքում կարող են հետ ստանալ վճարի այն ժամանակահատվածի մասը, որը չեն օգտագործել:

Քննարկվել է նաեւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը նպատակ ունի օրենսդրորեն ամրապնդել քաղաքացիների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը, բարձրացնել տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության թափանցիկությունն ու հրապարակայնությունը:

Հաջորդիվ հանձնաժողովը քննարկել է «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն ուղղված է համայնքների բյուջեների եկամուտների ավելացմանը: Օրինագծի ընդունման դեպքում հանրապետության մի շարք համայնքներ, որոնց բնակիչների թիվը 300-ից պակաս է, հնարավորություն կունենան ստանալու այնքան դոտացիա, որքան 300-ից ավելի բնակիչներ ունեցող համայնքները:

Օրինագծի հիմնական զեկուցող Վաչե Տերտերյանն ասել է, որ պատգամավորների առաջարկներն ընդունվել են եւ ներկայացվել է լրամշակված տարբերակ:

Օրինագծերը կընդգրկվեն ԱԺ գարնանային եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Արտակ Դավթյանի նախագահությամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության հեղինակած «Գիտական եւ գիտատեխնիկական փորձաքննության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը քննարկվում էր առաջին ընթերցմամբ:

Օրինագծի նպատակը գիտական եւ գիտատեխնիկական գործունեության բնագավառում իրականացվող փորձաքննության իրավական հենքի ապահովումն է եւ այդ ոլորտում իրապես մրցակցային պայմանների ներդրումը: Ակնկալվում է, որ ապագայում հնարավոր կլինի կատարելագործել ՀՀ պետական բյուջեից գիտական եւ գիտատեխնիկական գործունեությանն ուղղված ֆինանսավորման ձեւերը, ինչպես նաեւ՝ բարձրացնել գիտական եւ գիտատեխնիկական գործունեության բնագավառի ֆինանսավորման արդյունավետությունը:

Հիմնական զեկուցող, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ օրեր առաջ տեղի ունեցած խորհրդարանական լսումների ընթացքում եղել են առաջարկներ, որոնք կքննարկվեն եւ կընդգրկվեն օրինագծում: Հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ, որը կզբաղվի օրինագծի բարեփոխմամբ: