Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանն Facebook-ի իր էջում կրկին անդրադարձել է Երեւանի ավագանու ընտրություններին: Նա իր գրառման մեջ, մասնավորապես, նշում է.
«Այս օրերին ակամա իմ գրառումները քաղաքին են վերաբերում: Կարծում եմ՝ դա հասկանալի է: Իմ նախորդ երկու գրառումներում ես անդրադարձել էի Երեւանի ավագանու ընտրությունների քաղաքական եւ քաղաքային նշանակությանը, խոսել էի քաղաքական մրցակցության, հակակշիռների մասին, ինչպես նաեւ նշել էի քաղաքին վերաբերող խնդիրների բնույթները՝ կենցաղային, ճարտարապետական, բյուրոկրատական-կազմակերպչական եւ ֆինանասական ու ներդրումային: Վերջին գրառման մեջ խոսել էի կոնկրետ խնդիրների լուծման մասին:
Գործունեության յուրաքանչյուր ոլորտ՝ լինի արտաքին քաղաքականություն, թե քաղաքի կառավարում, անհրաժեշտ է, որ ունենա գաղափարական հենք, որը խարիսխ լինի ոլորտում արդյունավետ գործունեություն ծավալելու համար: Ի՞նչը կարող է լինել այդ խարիսխը քաղաքի դեպքում, որը լինի քաղաքապետի եւ ավագանու գործունեության գլխավոր ուղենիշը:
Նախ պետք է կարողանալ ճիշտ սահմանել քաղաքի իմաստն ու նշանակությունը, քաղաքի գաղափարի զարգացման ընթացքը, կենտրոն-ծայրամաս հարաբերակցությունը: Ժամանակակից քաղաքի գաղափարը եւ կազմակերպչական բնույթը հասնում է ուշ միջնադար: Այն ունի մեկ հիմնական նպատակ՝ հարմարավետ պայմաններ ստեղծել բնակիչների համար:
Երկրորդ, մեզանից յուրաքանչյուրը՝ լինի կառավարիչ, թե քաղաքացի, պետք է հարգի եւ սիրի իր քաղաքը: Այն պետք է դիտարկի որպես իր մեծ տուն: Այն, ինչ մենք մեզ թույլ չենք տա անել մեր սեփական տանը, չպետք է թույլ տանք անել նաեւ մեր մեծ տանը՝ քաղաքում:
Երրորդ, վերջիվերջո ամեն ինչ հանգում է անհատին ու հասարակությանը ծառայելուն: Ինչպես 16-րդ դարում իտալական վերածննդի գաղափարական հենքը անհատն ու նրա արժանապատվությունն էր, ինչը եւ հանգեցրեց գեղարվեստական եւ գիտական փայլատակումների, այնպես էլ այսօր մեր գործունեության կենտրոնում պետք է լինի անհատը: Իսկ անհատին ծառայելու նպատակը պետք է լինի նրա համար արժանապատիվ կյանք ապահովելը: Այս բառն իր բովանդակությամբ այնքան ընդգրկուն է, որ ներառում է առօրյա կյանքի բոլոր ոլորտները: Արժանապատիվ ապրել նշանակում է քայլել լուսավոր եւ մաքուր փողոցում, զբոսնելու եւ հանգստանալու վայր ունենալ, տրանսպորտում կքած չերթեւեկել, 14 հարկ ոտքով չբարձրանալ, վերելակ նստելիս չվախենալ, որ այն կընկնի, ստիպված չլինել շենքին կից աղբակույտի միջով անցնել եւ այլն:
Բայց որպեսզի արժանապատվության գաղափարը վերացական չլինի, քաղաքի ղեկավարներն իրենց առօրյա գործունեությամբ իրենց պետք է դնեն սովորական քաղաքացու վիճակում՝ երթեւեկեն նաեւ հանրային տրանսպորտով, քայլեն քաղաքի փողոցներով, չխուսափեն անձնապես մարդկանց հետ շփվելուց եւ հնարավորինս շատ մասնակցություն ունենան քաղաքում տեղի ունեցող տարբեր մեծ ու փոքր միջոցառումներին:
Մի խոսքով, քաղաքի ղեկավարները պետք է ապրեն նաեւ սովորական քաղաքացու առօրյայով, որպեսզի ավելի լավ հասկանան եւ լուծեն առկա խնդիրները:




























