Օլիգարխ Բորիս Բերեզովսկիի մահը բռնի չի եղել: Այս մասին «Ռոսբալտին» տված հարցազրույցում ասել է Մոսկվայի նախկին քաղաքապետ, Մոսկվայի միջազգային համալսարանի փոխնախագահ Յուրի Լուժկովը:

«Նա այլեւս ոչ մեկին հետաքրքիր չէր: Նա խաղացող է, իսկ նրա խաղի ասպարեզը քաղաքականությունն էր եւ մեծ փողեր աշխատելու համար կառույցների ստեղծումը: Նախագահական ընտրություններից հետո նա ցանկանում էր ինչ-որ դիրքեր գրավել պետությունում, բայց Պուտինից լրիվ արդարացված կտրուկ մերժում էր ստացել, ուստի ստիպված էր 2000 թվականին հեռանալ երկրից: Դրանից հետո նա միայն կորցնում էր իր դիրքերը: Երկրորդը Աբրամովիչից կրած պարտությունն էր»,-ասել է Լուժկովը:

Մոսկվայի նախկին քաղաքապետը խոստովանել է, որ լավ էր ճանաչում Բերեզովսկիին եւ նրան վերջին անգամ տեսել էր հեռուստացույցով: Վերջին անգամ նրանք շփվել են Մոսկվայում 2000 թվականին: «Նա ինձ զանգահարեց, կարծեմ, իր մեկնելու օրը եւ ասաց, որ կշարունակի պայքարն արտասահմանից: Նա ինձ առաջարկեց դառնալ իր զինակիցը Պուտինի դեմ պայքարում: Ես այն ժամանակ նրան պատասխանեցի, որ անկախ նոր իշխանության եւ նախագահ Պուտինի հանդեպ իմ վերաբերմունքից, ես Բերեզովսկիի հետ նույն գնացքը չեմ նստի»,-պատմել է Լուժկովը:
Հիշեցնենք, որ Բորիս Բերեզովսկիի մարմինը հայտնաբերել էին մարտի 23-ին, Բրիտանիայի իր առանձնատան լոգարանում: Փորձագետները պարզել էին, որ նա մահացել է խեղդվելուց: Բերեզովսկիի մահվան հանգամանքների պաշտոնական հետաքննությունն սկսվել է մարտի 28-ին: Մեծ Բրիտանիան չի բացառում երրորդ կողմի առնչությունն ռուսաստանցի օլիգարխի մահվանը: