Տարբեր համայնքներից ստացված տեղեկությունները վկայում են, որ մթերող կազմակերպությունները 2012 թ. բերքի իրացման հետ կապված խնդիրներ ունեն: Այդ մասին այսօր՝ ապրիլի 4-ին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նրա տեղեկացմամբ՝ ԿԲ-ն տրամադրել է տեղեկատվություն, թե ինչպիսին է մթերող կազմակերպությունների վարկային պարտավորությունները; «Եթե բերքահավաքը սկսի՝ էլի խնդրի առաջ ենք կանգնելու, քանի որ սեփական միջոցները բավարար չեն լինելու: Պետք է այսօրվանից մտածել այդ մասին»,- հայտարարեց Տ. Սարգսյանը:

Նա ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին առաջարկեց մշակել բերքի իրացման նոր մեխանիզմներ, օրինակ՝ զարգացնել ուղղակի կապերը Ռուսաստանի տարբեր մարզերի հետ, քանի որ այնտեղից մեծ հետաքրքրություն կա հայկական գյուղմթերքների նկատմամբ, սակայն առանց պետության մասնկակցության այդ աշխատանքները առաջ չեն ընթանա: Առաջարկվեց նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ ԿԲ-ի հետ քննարկել մթերման շրջանում ֆինանսավորմա արդյունավետ մեխանիզմների հարցը: