Հայաստանի խորհրդարանում ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն այնքան էլ լուրջ չի համարում մոտեցումը, երբ ՀՀԿ-ի հետ կոալիցիայում գտնվող քաղաքական ուժերը լռում են, իսկ թերություններն սկսում են «տեսնել» միայն այն ժամանակ, երբ լքում են կոալիցիան: Այս մասին նա ասաց այսօր՝ ապրիլի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ, սակայն կոնկրետ անուններ չնշեց:

«Հասկանալի է, որ փորձ է արվում հույսը դնել ժողովրդի կարճ հիշողության վրա, բայց դա ճիշտ մոտեցում չէ, քանի որ ժողովրդի հիշողությունը լավ է: Եթե կոալիցիոն ուժը, որը պատասխանատու է սոցիալական ապահովության համար, մեկ տարում փոխում է 3-4 նախարար, ապա որտե՞ղ է խնդիրը»,-ասաց Սահակյանը:
Դիտարկմանը, թե ԲՀԿ-ում վկայակոչում են, թե կոալիցիայում եղած ժամանակ իրենց լիազորությունները սահմանափակ են եղել եւ իրենց դերը «ֆասադային» է եղել, ՀՀԿ-ական պատգամավորն արձագանքեց. «Մեզ ֆասադ պետք չէ, մեզ պետք են իրական աշխատող գործիչներ»:

Ընդհանուր առմամբ՝ Հովհաննես Սահակյանը բացասաբար խոսեց այն մարդկանց մասին, ովքեր կուսակցություններ ու հայացքներ են փոխում: Նրա կարծիքով՝ նավահանգիստները հաճախ փոխող մարդիկ շատ հազվադեպ են մի տեղ երկար մնում: ՀՀԿ-ական գործիչը, մասնավորապես, նշեց, որ 10 տարի ԱԳ նախարարի պաշտոնում գտնված Վարդան Օսկանյանը, ով ներկայումս ներկայացնում է ԲՀԿ-ն, հիմա կիսաընդդիմադիր է դարձել, ինչը անհասկանալի այլափոխություն է:

Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am