Պռոշյանի գյուղապետարանի դիմաց սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի ՀՀԿ-ական մրցակիցը` Արթուր Մուրադյանը, հերքում է վերջինիս սպանության գործում իր մասնակցության մասին լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արթուր Մուրադյանը:
Նա նշեց, որ իրեն չեն ձերբակալվել, ընդամենը մի անգամ հրավիրվել է հարցաքննության: Ընտանիքի անդամներից այլ մարդ չի կանչվել հարցաքննության:
«Ինձ չեն ձերբակալել, ինչի՞ համար պետք է ձերբակալեն: Ես չեմ հասկանում` ով ինչ է ասում, ինչ են գրում»,- ասաց նա:
Իսկ թե ինչի պատճառով է անընդհատ իր անունը շրջանառվում գյուղապետի սպանության գործով, ապա վերջինս այդպես մեկնաբանեց. «Երեւի, առաջինը,որ իմ մարտական ընկերն է եղել, երկրորդը` մենք ուղղակի հակառակորդներ ենք եղել, թեկնածություններ ենք դրել, պատճառը դա է, թեկնածությունը դրել ենք, արդար ընտրություն է եղել, առանց վիճաբանության, առանց որեւիցե բանի, ինքը իր ձայների չափով ինձ հաղթել է, ընտրությունները խախանդ անցել է, ինքն էլ նստել է իր գործերին»,- ասաց Արթուր Մուրադյանը:
Նա նշեց, որ իրենց մեջ ընդհանրապես հակասություն չկա, ոչ էլ ընտանիքների մեջ պապենական թշնամություն կա: Գյուղապետի նախկին թեկնածուն ասաց, որ մարտական ընկերների հետ կապված հանդիպում էին, զրուցում, ինչպես եղել է Պետյոի մահվան տարելիցի օրը: Դրանից բացի` վերջինս գյուղապետին դիմել է նաեւ ինչ-որ շենքի նախագծի հարցով եւ որեւէ խնդիր չի ունեցել: «Հո թշնամի չե՞նք եղել, որ լարված լինենք: Մենք ընդամնեը հակառակորդ ենք եղել, որ թեկնածություն եմ դրել»,- ասաց նա: Ինչ վերաբերում է սեպտեմբերի 23-ին կայացած ընտրություններից հետո տեղի ունեցած միադեպին, նա նշեց, որ թեթեւ խոսակցություն է եղել, ընթացք չի տրվել եւ շարունակություն էլ չի ունեցել:
Արթուր Մուրադյանը տեղեկացրեց, որ սպանությունից առաջ եւ միջադեպի նախօրեին չի տեսել գյուղապետին: «Ես հո թշնամի չե՞մ, որ կապ ունենամ, ընդհակառակը, ես ցավում եմ, ինչի՞ համար, 4 երեխա, իմ ընկերն է, իմ մարտական ընկերն է, անկախ նրանից` մենք ինչ հարաբերության մեջ ենք եղել, մենք մեռնել, ապրելու կողքով ենք եղել»,- ասաց Արթուր Մուրադյանը:
Նա տեղեկացրեց, որ գյուղում իրար տեսնելիս, ճիշտ է, երկար չէին զրուցում, բայց անպայման բարեւում, անցնում էին: Իսկ թե ում էր պետք գյուղապետի սպանությունը, նախկին մրցակիցը չի կարող ասել, միայն նշեց, որ չի կարծում, թե վերջինս թշնամի է ունեցել, շատ հանգիստ, հասարակ մարդ է եղել:
«Ես նույնիսկ ուրախ կլինեմ, որ հենց հիմա 5 րոպեից պարզեն, թե ով է, ինչ է, սիրտս կհանգստանա, թող ամեն մեկը իր պատիժը ստանա»:
Նշենք, որ սեպտեմբերի 23-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո Պռոշյան գյուղում միջադեպ էր գրանցվել գյուղապետի մասնակցությամբ: Լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն` վերընտրվելու կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ ծեծկռտուք էր եղել գյուղապետ Հրաչ Մուրադյանի եւ նրա մրցակից Արթուր Մուրադյանի կողմնակիցների միջեւ: Ըստ շրջանառվող լուրերի` դաշնակցական գյուղապետի ու իշխանության թեկնածուի միջեւ պապենական թշնամություն կա, նրանք մինչ ընտրությունները ընտանեկան հակամարտության մեջ են եղել, սակայն նախընտրական շրջանում հանգիստ են իրենց դրսեւորել: Փաստի առիվ նյութեր են ստեղծվել եւ 2012թ հոկտեմբերի 5-ին, այդ նյութերով որոշում է կայացվել Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հատկանիշներով մերժել քրեական գործի հարուցումը: Ըստ այդ հոդվածի`քրեական գործ չի կարող հարուցվել եւ քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե բացակայում է հանցագործության դեպքը:
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի առավոտյան 9.00-ի սահմաններում Պռոշյանի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել է Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին` աջ քունքի շրջանում հրազենային վնասվածքով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (սպանություն`անձի կամ նրա մերձավորի` կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) եւ 235-րդ հոդվածի 1-ի մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: Տարածքում պարկուճներ չեն հայտնաբերվել, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, կատարվում է նախաքննություն: Կան ձերբակալվածներ,այս գործի շրջանակններում որպես հիմնական ակսկածյալ, շրջանառվում է գյուղապետի մրցակից Արթուր Մուրադյանի անունը:


























