Սերժ Սարգսյանի հանձնարարականից հետո պարզվեց, որ Ազգային գրադարանում ատկատներ են գրանցվել եւ, քանի որ մեղավորը մահացած էր, ձերբակալել են Քաղաքաշինության նախարարության Շինարարության քաղաքականության վարչության նախկին պետ Գոռ Քամալյանին: Այս մասին այսօր` ապրիլի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Գոռ Քամալյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը:

Նրա խոսքով՝ քննությունը պարզել է, որ հափշտակվել է 700 միլիոն դրամ ու քրեական գործ է հարուցվել, բայց հետո պարզվել է, որ 700 միլիոն դրամը 20 միլոն դրամ է: Սիրունյանը նշեց, որ իր պաշտպանյալին առանց ծանուցագրի կանչել են ոստիկանության բաժին ու ձերբակալել 2007 թվականի ատկատների համար եւ միայն երեք ամիս անց հանձինս իրեն պաշտպան են ուղարկել:

«Մեղադրանքը ներկայացվել է մի մարդու, ով ընդհանրապես կապ չունի: Գործով մի քանի հոգի են մեղադրվում, որոնցից միակ չինովնիկը` երեւացողը, կալանավորված է, իսկ իրական մեղավորներն ազատության մեջ են: Քամալյանին մեղադրում են պաշտոնական դիրքի չարաշահման մեջ, որի պատիժը վեց տարի է: Հուշում ենք, որ գուցե հոդվածն եք սխալ դրել անփութություն է, ասում են՝ չէ»,- ասաց Ալեքսանդր Սիրունյանը:

Փաստաբանի խոսքով՝ Գոռ Քամալյանին պետք է ազատ արձակեին, այնինչ կալանքի ժամկետն անընդհատ երկարաձգում են, քանի որ չեն կարողանում գործը դատարան ուղարկելու համար փաստարկներ հավաքել: Նա նաեւ կարծիք հայտնեց, որ նրանց հույսն այն է, որ այնքան կձգձգեն, որ պաշտպանյալը ասի. «Ի՞նչ պետք է ստորագրեմ, բերք ստորագրեմ»:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am