Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը քաղաքական ուժերին, հատկապես ընդդիմադիրներին, մեղադրել է Երեւանի ավագանու գալիք ընտրությունները քաղաքականացնելու փորձի համար:
Ապրիլի 4-ի մամուլի ասուլիսում խորհրդարանականը հայտնել է, որ նման փորձերը կապված են սահմանափակ ռեսուրսների եւ որ ավելի կաեւոր է՝ քաղաքական ուժերի կողմից սեփական հնարավորությունների սահմանափակ լինելու գիտակցության հետ: «Ե՛վ Րաֆֆի Հովհաննիսյանը, ե՛ւ մյուսները փորձում են քաղաքականացնել ընտրությունները: Բացի հրապարակային ելույթներից նրանք այլ ռեսուրսներ չունեն աշխատանքի համար: Դա իմանալով` նրանք քաղաքականացնում են գործընթացը», - կարծում է Սահակյանը:
Վստահեցնելով, որ կայանալիք ընտրությունները թափանցիկ են լինելու եւ այդպիսով շարունակվելու է խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին նկատված միտումը, պատգամավորը նկատել է, որ ՀՀԿ-ն ինքնահաստատվելու խնդիր չունի, ինչը, ըստ Սահակյանի, չի կարելի ասել մյուս կուսակցությունների մասին, այդ թվում նաեւ նրանց, որոնք նախորդ ընտրություններին «թայմ աութ» էին վերցրել: Ըստ խորհրդարանականի` նախորդ ընտրություններին չմասնակցածներն այժմ խոսում են կեղծիքների մասին` չիմանալով ինչ են ասում: «Նրանք իրենց համար խաբկանք են ստեղծել եւ քաջաբար պայքարում են դրա դեմ», - նկատել է Սահակյանը:
Օրես սկսվող ՀՀԿ-ի քարոզարշավի մանրամասները Սահակյանը չի բացահայտել` ընտրողների հետաքրքրությունը չմարելու համար: «Թիմը լավ է պատրաստվել: Մեր նպատակն է Երեւանը դարձնել ավելի գեղեցիկ եւ հարմարավետ ինչպես բնակիչների, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերի համար», - վստահեցրել է Հովհաննես Սահակյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























