Այսօր՝ ապրիլի 4-ին, Երեւանի Ազատության հրապարակում տեղի կունենա մոմավառություն Պռոշյանի սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի հիշատակին: Նախաձեռնության Facebook-ի էջում, մասնավորապես, ասվում է.
«Պռոշյանի գյուղապետ, ազատամարտիկ Հրաչ Մուրադյանն ի շարս ջավախքցի Պողոս Պողոսյանի, Մարտի 1-ին սպանվածների, զինվորական բժիշկ Վահե Ավետյանի եւ այլ արժանավոր հայորդիների` դարձավ համակարգի հերթական զոհը: Հրաչ Մուրադյանը Սիրիայից ներգաղթած ընտանիքի զավակ էր, Արցախյան ազատամարտի ակտիվ մասնակից (եղել է Շուշիի առանձնակի գումարտակի հիմնադիրներից մեկը), չորս անչափահաս երեխաների հայր: Նա ազնիվ, անկաշառ, անարդարության եւ ապօրինության դեմ ընդվզող մարդ էր, ապրում էր իր գյուղի ու համայնքի հոգսերով, ուստի անհամատեղելի էր ժողովրդին կեղեքող եւ հանցավոր բարքերով առաջնորդվող համակարգի հետ:
Ս. թ. ապրիլի 4-ին, ժամը 19:30-ին Ազատության հրապարակում տեղի կունենա մոմավառություն` համակարգի արմատավորած հանցավոր ամենաթողությանը եւ անպատժելիությանը զոհ գնացած ազատամարտիկ Հրաչ Մուրադյանի դավադիր սպանության դեմ մեր ցասումն արտահայտելու եւ նրա հիշատակը խնկարկելու համար: Հնարավորության դեպքում խնդրվում է գալ մոմերով:
Մոմավառության ընթացքում կցուցադրվի Հրաչ Մուրադյանին նվիրված ֆիլմ:
Հաջորդ օրը` ապրիլի 5-ին տեղի կունենա երթ դեպի Պռոշյան գյուղ` ազատամարտիկի թաղման արարողությանը մասնակցելու նպատակով: Երթի սկիզբը` ժամը 11:30-ին, Աշտարակի խճուղու վրա գտնվող ավտոսերվիսի խաչմերուկից»:


























