«Ժառանգության» առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր այցելել է Լոռիի մարզ եւ հանդիպումներ ունեցել բնակիչների հետ (ֆոտոռեպորտաժ):
Վանաձորցիների հետ հանդիպմանը Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց, թե
ապրիլի 9-ին բոլորը պետք է երդվեն ազատ, անկախ Հայաստանի համար եւ սփյուռք-Ղարաբաղ-Հայաստան միասնական լինեն: Դիմելով Սերժ Սարգսյանին` նա նշել է, թե «լինելով Ազատի, ունենալով այդ հայրանունը, պետք է տեր կանգնեք եւ շատ լավ իմանաք այդ բառերի իմաստը»:
«Ժառանգության» առաջնորդը անդրադարձել է նաեւ Լոռիի մարզպետին եւ Վանաձորի քաղաքապետին: Նա քաղաքապետից պահանջել է հրապարակավ ներողություն խնդրել իր իսկ ժողովրդին անգիտակից անվանելու համար:
Հանրահավաքը հսկում էին բազմաթիվ ոստիկաններ, ովքեր նաեւ տեսախցիկներով նկարահանում էին այն: Նախագահի նախկին թեկնածուն շնորհակալություն է հայտնել ոստիկաններին իր այցը չխոչընդոտելու համար եւ կոչ արել ապրիլի 9-ին եւս չփակել փողոցները:
Րաֆֆի Հովհաննիսյանը քայլել է Վանաձորի փողոցներով, բարեւել բնակիչներին: Քայլերթի ժամանակ նա մտել է ՀԱԿ-ի Վանաձորի շտաբ, որտեղ այդ պահին ներկա էին Լեւոն Զուրաբյանը եւ այլ ՀԱԿ-ականներ: Նրանք զրուցել են, հետաքրքրվել միմյանց որպիսիությամբ: Այնուհետեւ Րաֆֆի Հովհաննիսյանը մտել է ՀՅԴ Վանաձորի շտաբ եւ շարունակել քայլերթը Վանաձորի փողոցներով:
Լուսանկարը ՝ Էդվարդ Արզումանյանի /NEWS.am




























