Որքանո՞վ նպատակահարմար է ագրարային համալսարանում պատրաստել տնտեսագետներ ու ֆինանսիստներ, եթե նրանց մասնագիտական կարողությունները ցածր են լինելու տնտեսագիտական համալսարանում պատրաստվածներից; ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր՝ ապրիլի 4-ին ՀՀ կառավարության նիստում նման հարցադրում արեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին, ով ներկայացնում էր 2013-14 թթ. ասպիրանտուրայի եւ դոկտորանտուրայի ընդունելության տեղերը հաստատելու ՀՀ կառավարության որոշումը: Քննարկման ժամանակ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, ՕԵԿ անդամ Արմեն Երիցյանն էլ հայտարարեց, որ պոլիտեխնիկական (ճարտարագիտական) համալսարանում պատրաստում են արտակարգ իրավիճակների մասնագետներ, որոնք լիարժեք ուսուցում չեն անցնում: Ա. Աշոտյանի արձագանքը իր նախարար-կոլեգայի ռեպլիկին բավական կոշտ էր. «Երբ ընտրական գործընթացներից կտրվեք-հետ գաք, այդ հարցը կքննարկենք»:

Այնուամենայնիվ՝ ՀՀ վարչապետը հակված չէր կուսակցականացնել քննարկումը, ու շարունակեց հորդորել կրթության նախարարին՝ վերանայել մասնագիտությունների պետպատվերի բաշխումը բուհերի միջեւ: Ա. Աշոտյանն արդարացավ, որ ամեն տարի էլ նույն ցանկը ներկայացնում են, ինչին վարչապետը պատասխանեց, որ ցանկը մնացել է նույնը, սակայն կյանքը փոխվել է:

Ի վերջո՝ կառավարությունը հաստատեց ցանկը այնպես, ինչպես ներկայացրել էր ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը, սակայն որոշ վերանայումներ հավանաբար կկատարվեն: