Ապրիլի 3-ի երեկոյան 22.00-ի սահմաններում Դվին գյուղում հորեղբորն սպանելու դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նրանց փոխանցմամբ` գործը հարուցվել է քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Այդ հոդվածով սահմանվում է սպանությունը, մասնավորապես` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը, այն պատժվում է ազատազրկմամբ` 8-15 տարի ժամկետով: Այդ գործով շարունակվում է ձերբակալված մնալ Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ուսանող, 19-ամյա Րաֆֆի Խաչատրյանը:
Համագյուղացիները NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեցին, որ հորեղբայրը խմող, հարբեցող էր, իսկ երիտասարդը` խելոք, համեստ, լսող երեխա էր:
Միջադեպի ժամանակ նրանք տանը երկուսով են եղել, վիճել են եւ երիտասարդը այն աստիճանի է հունից դուրս եկել, որ դանակի վեց հարված է հասցրել փորի, մեկ հարված` պարանոցի շրջանում: Մահացած հորեղբոր ձեռքին էլ գարեջրի ջարդած շիշ կար, չի բացառվում է, որ հնարավոր է` վերջինս ցանկացել է շշով հարվածել եղբորորդուն, բայց չի հասցրել: Հորեղբորը սպանելուց հետո երիտասարդը զանգահարել է ոստիկանություն եւ հայտնել իր արածի մասին: Դրանից հետո նա նստել է իրենց տան դռանը` սպասելով, թե ոստիկանները երբ կգան: Մայրը ավելի ուշ է իմացել դեպքի մասին, եւ ուշագնաց վիճակում էր:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սպանություն է տեղի ունեցել Դվին գյուղում: Այդ գյուղի բնակիչ Րաֆֆի Խաչատրյանը սպանել է հորեղբորը: Հորեղբարը 42 տարեկան Արտուշ Խաչատրյան էր, իսկ նրան դանակահարող եղբոր որդին` 19 տարեկան Րաֆֆի Խաչատրյանը, վերջինս սովորում է Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում: Նրա հայրը մահացել է բանակում, երբ վերջինս ընդամենը 4 տարեկան էր: Երիտասարդը ապրում է մոր հետ, ով ուսուցչուհի է: Նա տան միակ արու զավակն է քույրը ամուսնացած է: Համագյուղացիները մեզ պատմեցին, որ նրա հորեղբայրը ամուսնացած է, ունի երեխաներ, տեւական ժամանակ Երեւանում էր բնակվում, իսկ եղբոր ընտանիքը` գյուղում:«Եկել, նստել, իրար հետ խմել, վիճել են, հասցրել է, էն էլ խփել է էլի»,- պատմեց գյուղացիներից մեկը: Մեզ հաջողվել է պարզել, որ նրանց միջեւ առաջացած վիճաբանությունը կապված է եղել հայրական տունը բաժանելու խնդրի հետ: Նրանք վիճել են, ինչից հետո վերջինս դանակահարել է հորեղբորը, եւ նա տեղում մահացել է: Գյուղացիները պատմել են, որ նրանց միջեւ պարբերաբար վիճաբանություններ էին լինում հայրական տան հետ կապված, հորեղբայրը ամեն կերպ ցանկանում էր վերցնել տունը ընտանիքի ձեռքից եւ պարբերաբար այդ խնդիրը լուծելու համար այցելում էր գյուղ:




























