ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը պատասխանել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը: Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 3-ին, Աբովյան քաղաքում կայացած հանրահավաքի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ բոլոր կուսակցությունների, այդ թվում նաեւ ԲՀԿ-ի համար եկել է ճշմարտության պահը՝ կանգնել ժողովրդի կողքին, թե՝ ոչ:

«Անընդհատ ուզում եմ պոռթկալ ու ասել, այո՛, այո՛, ԲՀԿ-ի համար ճշմարտության պահ է, Ճշմարտության պահ է ստեղծման օրվանից սկսած»,-վստահեցրել է Ուրիխանյանը:

Հարցին, թե ինչպես է պատկերացնում Րաֆֆի Հովհաննիսյանի ընդդիմադիր շարժման ապագան, նա պատասխանել է, որ ցանկացած դեպքում անհրաժեշտ է ականջալուր լինել մարդկանց պահանջներին:

ԲՀԿ-ն դեռ չի որոշել՝ մասնակցելո՞ւ է Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը, թե՝ ոչ: Իսկ անձամբ իր մասնակցության վերաբերյալ Ուրիխանյանն ասել է. «Ցավոք, ես ավելի շատ եմ աշխատում, քան տրամաբանորեն կարելի է աշխատել աշխատանքային օրվա ընթացքում, ուստի չեմ կարող ինձ թույլ տալ ժամանակից շուտ մտածել որեւէ բանի մասին»: