«Բարգավաճ Հայաստանը» նախազգուշացնում է` Երեւանի ավագանու ընտրություններում խախտումները խնդիրների կհանգեցնեն: Այդ մասին այսօր` ապրիլի 4-ին, հայտնել է կուսակցության մամուլի քարտուղար, Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը` խոսելով Երեւանի ավագանու ընտրությունների նախապատրաստությունների մասին: Այնուամենայնիվ, հավելել է նա, կուսակցությունը ցանկանում է իր ամբողջ ուշադրությունը կենտրոնացնել հնարավոր խախտումների կանխման վրա:
Չմասնակցելով անցած նախագահական ընտրություններին` կուսակցությունը, ըստ Ուրիխանյանի, չի կորցրել իր ընտրազանգվածը. նա հիշեցրել է, որ ԲՀԿ-ն նախկինում էլ չի մասնակցել նախագահական ընտրություններին, որը չի խանգարել ստանալ ժողովրդի վստահությունը խորհրդարանական ընտրություններում: «Մենք մեր ընտրազանգվածն ունենք. մարդիկ, որոնք ընկալում են մեր կուսակցության գործողությունների բովանդակությունը եւ մեզ լծակներ տալիս դրա իրականացման համար: Մենք ունեցել եւ ունենք մեր ընտրազանգվածը: Միաժամանակ, մենք հարգանքով ենք վերաբերվում մյուս կուսակցություններին», – ասել է Ուրիխանյանը:
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 5-ին: ԲՀԿ-ի ցուցակը գլխավորում է Ռոբերտ Քոչարյանի կառավարությունում արտգործնախարարի պաշտոնը զբաղեցրած Վարդան Օսկանյանը, նրան հաջորդում է գործարար Գուրգեն Արսենյանը, այնուհետեւ` Աբրահամ Մանուկյանը: Երեքն էլ ԲՀԿ-ական պատգամավորներ են:




























