Հայտնի հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին սեփական բլոգում քննադատել է «Եդինայա Ռոսիային»: Ըստ նրա` կուսակցությունն այժմ միայն ձանձրույթ եւ տաղտուկ է առաջացնում: Կանդելակին բողոքել է հիմնականում ազատ մամուլի հետապնդումների դեմ եւ պատգամավոր Իսայեւին կոչ արել ազատ ժամանակը ծախսել ոչ թե հեռուստաշոուի, այլ ֆիթնեսի վրա, որն ավելի օգտակար է ամբողջ կուսակցության իմիջի համար: Թինա Կանդելակին հայտարարել է, որ ժամանակին քվեարկել է այդ կուսակցության օգտին եւ այժմ նրանից հաշիվ է պահանջում, հաղորդում է mk.ru-ն:
«Սովորաբար իրենց խաբված ընտրողներ են անվանում ընդդիմության օգտին քվեարկածները: Սակայն իսկական խաբված ընտրողը ես եմ, - գրում է Կանդելակին: Ես քվեարկել եմ «Եդինայա Ռոսիայի» օգտին: Ինձ ոչ ոք չի համոզել, չի ստիպել, ես քվեարկել եմ, քանի որ ինձ դուր էր գալիս, թե ինչպես է երկիրը սկսում փոխվել»: Ըստ Կանդելակիի` այժմ «Եդինայա Ռոսիան» դադարել է իշխանական կուսակցություն լինել, քանի որ «կուսակցությունում իրական քաղաքական որոշումները նույնիսկ չեն քննարկվում, Վլադիմիր Պուտինը եւ ուրիշ գլխավոր կուսակցականները կուսակցությունից ընդհանրապես դուրս են եկել»:
«Իսկ ինչո՞վ է զբաղվում կուսակցությունը: Ահա նայում ես պատգամավոր Իսայեւին «ՄԿ»-ի դեմ նրա անվերջ պայքարի ժամանակ եւ մտածում.«Ինչքան ազատ ժամանակ նա ունի»: Իրականում մենք տեսնում ենք անվերջ, անիմաստ թոք շոուներ: Այդ դեպքում ինչի՞ համար էր պետք սկսել այդ ամենը: Եթե պարոն Իսայեւն այդքան շատ ազատ ժամանակ ունի, ավելի լավ է այն ծախսի մարզվելու վրա, դա կուսակցության իմիջի համար ավելի օգտակար կլինի»:




























