Մենք փորձեցինք լուրջ վերաբերվել Րաֆֆի Հովհաննիսյանի գործընթացին, բայց նա համապատասխան վերաբերմունք չցուցաբերեց: Այս մասին այսօր ապրիլի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը: «Այս պարագայում ցավոք ոչ առաջարկ, ոչ ողջամիտ մոտեցման ականատես չեղանք»,- ասաց նա՝ հավելելով, որ այն ակնկալիքները, որ մեր քաղաքացիները կապում են ընդդիմության հետ, չեն իրականանում:

«Ես զարմանում եմ, եթե քաղաքական ուժերը իրենց նույնիսկ չեն կարողանում դրեւորել որպես նորմալ ընդդիմություն, ինչպե՞ս կարող են իշխանության ծանր  պատասխանտվության տակ մտնել: Նման քաղաքական ուժերն ինչ արագությամբ, որ դիքը բարձրանում են, նույն արգությամբ էլ իջնում են: Մինչեւ չլինի լուրջ ընդդիմադիր ուժ, մեր քաղաքական համակարգը լինելու է մեկոտանի: Չեմ ուզում ասել մեկոտանի, բայց կաղացող քաղաքական համակարգ ունենք: Իսկ կաղացողն ընդդիմությունն է: Թե չէ «իմ դիակի վրայով» ասելով քաղաքական համակարգը չի կարող զարգանալ»- ասաց Արտակ Զաքարյանը:

Հարցին, թե իսկապես հավատո՞ւմ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պաշտոններ չի ուզում, նա պատասխանեց. «Ոչ, կարծում եմ, որ ամբողջ խնդիրը հենց պաշտոնների մեջ է»: