Ոստիկանությունը քրգործ է հարուցել Լեւոն Բարսեղյանի մեքենայից գողության փաստով:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ապրիլի 4-ին, ժամը 09.45-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել Գյումրիի «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանը եւ հայտնել, որ ապրիլի 3-ի ժամը 23.00-ից մինչեւ ապրիլի 4-ի ժամը 05.45-ն ընկած ժամանակահատվածում, դռան ապակին կոտրելով, իրենց շենքի բակում կայանված իր «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենայի սրահի պահոցից գողացել են 1 GB եւ 4 GB տարողության հիշողության կրիչներ:
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը ժամը 1:30-5:45-ի միջակայքում անհայտ անձինք կոտրել են Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, Գյումրիի ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանի անձնական օգտագործման ավտոմեքենայի ապակին եւ դուռը, փորձել են կողոպտել մեքենայի սարքավորումներից մի քանիսը, կոտրել են մի քանի սարք եւ գողացել են թվային հիշողության 2 հասարակ սարքեր, ոչ այնքան կարեւոր փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակներով: Պատճառել են նյութական շոշափելի վնաս, ոստիկանությունը քրեական գործ է հարուցում:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը չի բացառել, որ տեղի ունեցածը սովորական կողոպուտի փորձ է, սակայն հիշեցրել է, որ վերջին ութ տարում սա ակումբի եւ աշխատակիցների գույքի նկատմամբ կատարված ութերորդ հարձակումն է, որոնցից մեկի ժամանակ` 2008 թվի մարտի 21-ի գիշերը հրկիզվեց Լեւոն Բարսեղյանի վարած մեքենան, իսկ ավելի վաղ` հունվարի 18-ի գիշերը փորձեցին հրկիզել ակումբի շենքը, բայց կարողացան այրել միայն պատուհանը:
Բոլոր այդ միջադեպերով հարուցված քրեական գործերը մնում են չբացահայտված:




























